Հայաստանի պաշտոնյաների և մեր միջև այս հարցի շուրջ որևէ քննարկում չի եղել, սակայն մենք վստահ ենք, որ պատմական և մշակութային ժառանգությունը պատկանում է ամբողջ մարդկությանը։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի իշխանությունները կապվել են Իրանի հետ՝ ներկայացնելու Գանձասարի և Դադիվանքի վերաբերյալ իրական փաստերը Արցախ կատարած դիվանագետների սկանդալային այցից և Ալիևի օգնականի աղմկահարույց հայտարարություններից հետո։
«Այն, որ մշակութային ժառանգությունը պահպանվում է, բխում է ամբողջ մարդկության շահերից։ Իսկ եթե այն վտանգի տակ է, ապա դա սպառնալիք է ամբողջ մարդկության համար։ Անկախ նրանից, թե այս կամ այն տարածքը որ երկրին է պատկանում կամ որ երկրի վերահսկողության տակ է գտնվում, պատմական արժեքներն ու մշակութային ժառանգությունը պետք է պահպանվեն»,- նշել է դեսպանը։





























