Հայաստանի ղեկավարությունը փորձում է հաճոյանալ Ադրբեջանի ղեկավարությանը և կոմպլիմենտար քաղաքականության վարում է Ադրբեջանի նկատմամբ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18–ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Լևոն Քոչարյանի գործով անցնող Սերգեյ Ասատուրովը՝ հիշեցնելով, որ ԱԼիևը ժամանակին հայտարարում էր՝ ես Փաշինյանին չեմ հաղթել, ես Քոչարյանին ու Սարգսյանին եմ հաղթել։
«Ադրբեջանի նախագահի կոմպլեքսն է, որ ինքը պետք է հաղթեր Քոչարյանին։ Ու հիմա մեր կառավարությունն ասում է՝ այդ տեսեք, այն մարդուն, ում դու ուզում ես հաղթել, տես, մենք քրեական գործ ենք հարուցում մեզ մոտ, փորձում ենք բռնաճնշումների ենթարկել։ Ես նման լույսի տակ եմ տեսնում դա։ Իհարկե շատ վատ է, և երևի թե մենք ենք մեղավոր, որ հասել ենք էս վիճակին, բայց մենք պայքարը շարունակում ենք, որովհետև սա մեզ համար արժանապատվության հարց է։
Մարդիկ կարող են նախագահ Քոչարյանին չսիրել հակաքարոզչության պատճառով, բայց եթե անձը դնում ենք մի կողմ ու նայում ենք, թե այդ մարդու ղեկավարության ընթացքում ինչերի ենք հասել, թե այդ մարդը ի՞նչ ճանապարհ է անցել, ի՞նչ ունի արած Հայաստանի համար, պետականաշինության համար, Արցախի համար, ուղղակի որպես անձ, որպես հաղթած նախագահ, այդ չգնահատելը ուղղակի ինձ թվում է՝ ազգային արժեքներին դեմ գնալ է»,–ասաց նա։
Ասատուրովը բնական համարեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնում են. «Մենք տեսնում ենք, որ բոլորը ոնց են ծառայում իրեն և խրախուսվում են։ Հիմա եթե այդ մարդկանց համար ֆինանսական վիճակը արժանապատվությունից ավելի կարևոր է, ի՞նչ անենք։ Իրենք իրենց նմաններին գտել են, մենք էլ մեր նմաններով պետք է թույլ չտանք այս ամեն ինչը, պետք է թույլ չտանք, որ մեր արժանապատվությունը ոտնահարվի։ Մենք պետք է կանգնենք մեր արժեքների կողքին, այն արժեքների, որոնցով մենք մեծացել ենք, դաստիարակվել ենք։ Քանի մենք պայքարում ենք, մենք հետ քայլ չենք անում, չենք նահանջում»։
Ասատուրովը համոզմունք հայտնեց, որ ժողովուրդը զզված է Նիկոլ Փաշինյանից. «
Մարդիկ ինձ ճանաչելով, մոտենում են ու ասում են՝ զզված ենք, երբ եք սրանցից պրծցնելու մեզ։ Եկեք մի օր մի հատ դիմակ դրեք, չճանաչեն, որ դուք նիկոլական եք ու լսեք ինչ է ասում ընդհանրապես ժողովուրդը իր մասին: Այդ ժողովուրդը ձեր կողքին չկա, կա մի որոշ հատված, բայց դա էլ մեծամասնությունը չի»։











