Պակիստանի բանակի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրը խնդրել է Իրանին ազդեցություն գործադրել Եմենի ապստամբական «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) վրա, որպեսզի նրանք դադարեցնեն Սաուդյան Արաբիայի դեմ գրոհներ իրականացնել։ Այս մասին հայտնել է բրիտանական Financial Times (FT) թերթը։

Պարբերականի աղբյուրների խոսքով՝ Մունիրը բազմիցս խնդրել է իրանական ղեկավարությանը աջակցություն ցուցաբերել՝ հութիների գրոհները Սաուդյան Արաբիայի և նրա էներգետիկ ենթակառուցվածքի դեմ դադարեցնելու նպատակով՝ հղում կատարելով Էր Ռիադի հանդեպ Իսլամաբադի պարտավորություններին, սակայն առանց կոնկրետ սպառնալիքների դիմելու։

Պարբերականի աղբյուրներից մեկը նաև նշել է, որ Իսլամաբադը, որն ապրիլին կործանիչներ էր տեղակայել Սաուդյան Արաբիայի արևելքում գտնվող ավիաբազայում, գտնվում է «բարդ իրավիճակում»։ Պակիստանը 2015 թվականին հրաժարվել էր միանալ Սաուդյան Արաբիայի օդային հարվածներին Եմենի դեմ, սակայն նրա ներկայիս ֆինանսական դժվարությունները բարդացնում են թագավորության հանդեպ դաշնակցային պարտավորությունների կատարումից հետագա խուսափումը։ Միևնույն ժամանակ, Պակիստանի ԱԳՆ ներկայացուցիչները նախկինում հրաժարվել էին հրապարակայնորեն հնչեցնել Սաուդյան Արաբիային աջակցելու կոնկրետ հնարավոր ռազմական միջոցները։

Եմենում իրավիճակը կտրուկ սրվել է սեպտեմբերի սկզբին, երբ եմենական ապստամբական շարժումը հարձակման է անցել երկրի հարավ-արևմուտքում։ Ցամաքային հարձակմանը զուգահեռ՝ հութիները հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով սկսել են հարվածներ հասցնել Կարմիր ծովի առափնյա շրջաններին և Թաիզ քաղաքի շրջակայքին՝ ձգտելով կտրել Մոհա տանող ուղիները և առաջ շարժվել դեպի ռազմավարական նշանակություն ունեցող Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մերձակա շրջաններ։ Սեպտեմբերի 11-ին հութիների ռազմական ներկայացուցիչը հայտնել է, որ «Անսար Ալլահի» կազմավորումները գործողություն են սկսել Եմենի արևմտյան ափին՝ այնտեղից սաուդյան ուժերին դուրս մղելու նպատակով։ Նրա պնդմամբ՝ պատճառը եղել են «վերջին տարիներին շարունակվող՝ Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող ուժերի հարձակումները արևմտյան ափի բնակիչների, գյուղերի և շրջանների վրա»։