Մենք ստորագրել ենք կապուղիների գործընկերություն համաձայնագիրը, աշխատում ենք վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վրա, ինչը հույս ունենք շատ շուտով կբերի դեպի ԵՄ առանց վիզայի ճամփորդության հնարավորություն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18–ին, Վանաձորում հայտարարել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, գրում է «Ազատությունը»։

«Դա կախված է նրանից, թե երբ կիրագործվի գործողությունների ծրագիրը: Այնպես, որ դա Հայաստանի իշխանությունների ձեռքում է, բայց ես շատ վստահ եմ, որ մեր տեսած առաջընթացի պայմաններում դա շատ չի ուշանա, և մենք շատ ակտիվորեն աշխատում ենք դա կյանքի կոչելու ուղղությամբ»,–ասել է նա՝ հիշեցնելով, որ  Հայաստանն այժմ աշխարհում միակ երկիրն է, որի հետ մենք ունենք վիզաների ազատականացման երկխոսություն։

Հարցին՝ որքա՞ն ժամանակից հետո վիզաների ազատականացումը իրականություն կդառնա, հնարավո՞ր է, որ դա տևի ամիսներ, Մարագոսը պատասխանել է. «Ամիսներ միանշանակ ոչ, որովհետև դա ժամանակ է պահանջում, բայց կարծում եմ, որ առաջին փուլը լինելու է օրենսդրական փուլը, իսկ հետո գործնական, որտեղ մենք կտեսնենք գործողությունների ծրագրի արդյունքները։ Այնպես որ հույս ունեմ, որ շատ չի ուշանա։ Ինչպես գիտեք, կառավարությունը նպատակադրել է մինչև 2029 թվականը, տեսնենք կկարողանա՞նք պահպանել այդ ժամկետը»։