Հայաստանի Enterprise Incubator Foundation-ը (EIF) և Huawei Technologies-ը Շանհայում ստորագրել են ռազմավարական համագործակցության հուշագիր՝ արհեստական բանականության, առաջադեմ թվային տեխնոլոգիաների, հետազոտությունների, նորարարությունների, մասնագետների պատրաստման և արդյունաբերական վերափոխման ոլորտներում։ Համաձայնագիրը կնքվել է HUAWEI CONNECT 2026: Advancing the Agentic World ֆորումի շրջանակում։

Առանցքային ուղղություններից մեկը կլինի Հայաստանում Huawei ICT Academy էկոհամակարգի ընդլայնումը՝ EIF-ի հետ համատեղ։ Ուսանողները, երիտասարդ մասնագետներն ու հետազոտողները կկարողանան ստանալ միջազգային մակարդակի կրթություն, մասնագիտական հավաստագրեր և գործնական փորձ արհեստական բանականության, ամպային տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության և այլ առաջատար ուղղությունների ոլորտներում։

EIF-ն ու Huawei-ն նաև կուսումնասիրեն Հայաստանում արհեստական բանականության ոլորտում առանձին հետազոտական և նորարարական միջավայր ստեղծելու հնարավորությունը։ Ենթադրվում է, որ համագործակցությունը կնպաստի ԱԲ-ի ներդրմանն արտադրությունում, լոգիստիկայում, ենթակառուցվածքներում և հանրային ծառայություններում՝ ներառյալ ինքնավար համակարգերը, խելացի ռոբոտատեխնիկան և մարդ-մեքենա փոխգործակցության տեխնոլոգիաները։

Enterprise Incubator Foundation-ը (EIF, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ) Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի առանցքային կազմակերպություններից է, որը զբաղվում է ՏՏ-ի, ճարտարագիտության, ստարտափների և տեխնոլոգիական կրթության զարգացմամբ։ EIF-ը իրականացնում է և մասնակցում խոշոր նախագծերի զարգացմանը, որոնց թվում՝ Երևանի Engineering City («Ինժեներական քաղաք») նախագծին, ArMath ինժեներական լաբորատորիաների ցանցին, Gyumri Technology Center և Vanadzor Technology Center տեխնոլոգիական կենտրոններին, ինչպես նաև տեխնոլոգիական ընկերությունների և մասնագետների համար նախատեսված կրթական, հետազոտական և աքսելերացիոն ծրագրերին։