Հանրապետական սենատոր Ջոն Բարասոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողներին Սպիտակ տանը աշխատել արգելելու որոշումը Սահմանադրության խախտում չի համարում։

NBC News-ի եթերում Բարասոյին երկու անգամ հարցրել են՝ արդյոք նա համարում է Թրամփի որոշումը ԱՄՆ Սահմանադրության Առաջին ուղղման խախտում, որը երաշխավորում է մամուլի ազատությունը։ Սենատորը ուղիղ պատասխան չի տվել և դրա փոխարեն հայտարարել է, որ ԶԼՄ-ները պարտավոր են «ազնվորեն լուսաբանել իրադարձությունները»։

«Ոչ, ես կարծում եմ, որ մամուլը պարտավոր է ազնվորեն լուսաբանել իրադարձությունները»,- ասել է Բարասոն՝ պատասխանելով Սահմանադրության խախտման մասին հարցին։ Արդյո՞ք ինքը պաշտպանում է Թրամփի արգելքը կրկնակի հարցին սենատորը պատասխանել է. «Մենք բոլորս հարգում և գնահատում ենք մամուլի ազատությունը. այն ամրագրված է Սահմանադրությամբ»։

Բարասոն նաև անդրադարձել է այն սահմանափակումներին, որոնց Թրամփը բախվել էր սոցիալական ցանցերում։ «Նրան արգելափակել էին Twitter-ում։ Նրան արգելափակել էին Facebook-ում, և ես չտեսա, որ մարդիկ հանդես գային նրա պաշտպանությամբ»,- ասել է սենատորը։ Ըստ նրա, իրադարձությունները օբյեկտիվ լուսաբանելու պատասխանատվությունը նաև ԶԼՄ-ների վրա է։

Թրամփը CNN-ի, MS NOW-ի և Politico-ի նկատմամբ արգելքի մասին հայտարարել է ուրբաթ օրը՝ ասելով, որ այդ լրատվամիջոցները մշտապես հրապարակում են, իր խոսքով, «կեղծ լուրեր»։ Նախագահը նաև չի բացառել նմանատիպ միջոցներ այլ ԶԼՄ-ների նկատմամբ։ Հաջորդ օրը երեք կազմակերպությունների լրագրողներին իսկապես չեն թողել Սպիտակ տան տարածք, իսկ նրանց անցագրերն առգրավվել են։

CNN-ի, MS NOW-ի և Politico-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ մտադիր են շարունակել վարչակազմի աշխատանքի լուսաբանումը և պաշտպանել իրենց իրավունքները՝ հղում անելով Առաջին ուղղմանը։ Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիան նույնպես հանդես է եկել այդ որոշման դեմ՝ հայտարարելով, որ մամուլի ազատության պաշտպանությունը չպետք է կախված լինի նրանից, թե արդյո՞ք նախագահին դուր է գալիս վարչակազմի գործունեության լուսաբանումը կոնկրետ ԶԼՄ-ի կողմից։

Դեմոկրատ սենատոր Քորի Բուկերը, որը նույն հաղորդման շրջանակում ելույթ էր ունենում Բարասոյից հետո, տվել է հակառակ գնահատականը։ Հարցին՝ խախտո՞ւմ է արդյոք Թրամփի որոշումը Առաջին ուղղումը, նա պատասխանել է. «Ակնհայտորեն՝ այո»։

Բարասոն նաև հայտարարել է, որ, իր կարծիքով, Թրամփի որոշումը չի ազդի հանրապետականների վրա առաջիկա միջանկյալ ընտրություններում։ «Մարդիկ կգնան ընտրատեղամասեր։ Նրանք որոշում կընդունեն՝ ելնելով իրենց կյանքից, իրենց ապագայից և նրանից, թե իրենց կարծիքով ինչն է լավագույնը իրենց և իրենց ընտանիքների համար»,- ասել է սենատորը։

Թրամփը պատերազմ է հայտարարել երեք ԶԼՄ-ի՝ CNN, MS NOW և Politico-ն կարող են զրկվել Սպիտակ տուն մուտք գործելու իրավունքից

Թրամփի արգելքից հետո CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողներին չեն թողել Սպիտակ տուն