CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողներին շաբաթ առավոտյան չեն թողել Սպիտակ տան տարածք՝ հաջորդ օրն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր այդ երեք լրատվամիջոցների համար արգելք սահմանելու մասին։ Խմբագրությունների ներկայացուցիչների անցագրերը առգրավվել կամ չեղարկվել են, հայտնել է CBS News-ը։
Reuters-ը նույնպես հաստատել է, որ երեք պարբերականների լրագրողների մուտքը մերժվել է։
MS NOW-ի թղթակից Աքեյլա Գարդները և օպերատորը առավոտյան փորձել են մտնել Սպիտակ տուն, սակայն պարզվել է, որ նրանց անցագրերը չեղարկված են։ Գարդների խոսքով՝ անվտանգության ծառայության աշխատակիցը նրան հայտնել է, որ որոշումն ընդունվել է ավելի բարձր մակարդակում։
CNN-ի թղթակից Բեթսի Քլայնը և օպերատորը նույնպես եկել են անցակետ, սակայն ի վերջո հեռացել են Սպիտակ տան տարածքից՝ առանց իրենց վկայականների։ Politico-ի լրագրող Չեյեն Հասլեթին նույնպես Գաղտնի ծառայությունը մերժել է մուտքը և առգրավել նրա անցագիրը։
Մեկ օր առաջ Թրամփը հայտարարել էր, որ «անմիջապես ուժի մեջ մտնելով» արգելում է CNN-ին, MS NOW-ին և Politico-ին մուտք գործել Սպիտակ տուն։ Նախագահը մեղադրել է այդ լրատվամիջոցներին, իր բնորոշմամբ, «կեղծ լուրեր», «հորինվածք և սուտ» հրապարակելու մեջ և հայտարարել, որ մյուս պարբերականներն էլ կարող են բախվել նման սահմանափակումների։ Միևնույն ժամանակ, Թրամփը չի նշել կոնկրետ հրապարակումներ, որոնք դարձել են այդ որոշման պատճառը։
MS NOW-ը հայտարարել է, որ մտադիր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու ԱՄՆ Սահմանադրության Առաջին փոփոխությամբ երաշխավորված իրավունքներն ու անկախ լրագրության դերը։ CNN-ը հայտարարել է, որ կշարունակի լուսաբանել կառավարության աշխատանքը՝ անկախ լրագրողների ֆիզիկական մուտքը Սպիտակ տուն և այլ պետական հաստատություններ սահմանափակելու փորձերից։ Politico-ն նույնպես հայտնել է, որ պաշտպանելու է իր լրագրողների իրավունքները։
Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի նախագահ, Fox News-ի լրագրող Ժաքլին Հայնրիխը հայտարարել է, որ կազմակերպությունն աջակցում է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի իր գործընկերներին, որոնք, նրա խոսքով, սահմանափակումների են ենթարկվել իրենց աշխատանքը կատարելու համար։
Թրամփի որոշումն արդեն հարցեր է առաջացրել մամուլի ազատությունը պաշտպանող Առաջին փոփոխությանը դրա համապատասխանության վերաբերյալ։ CBS News-ի իրավաբան Ջեսիկա Լևինսոնը տեղի ունեցողն անվանել է հրապարակումների հնարավոր խտրականություն ըստ բովանդակության։
Սա Թրամփի առաջին կոնֆլիկտը չէ լրագրողների հետ։ Նրա առաջին նախագահական ժամկետի ընթացքում Սպիտակ տունը փորձել էր զրկել CNN-ի թղթակից Ջիմ Ակոստային անցագրից՝ նախագահի հետ լարված բանավեճից հետո։ CNN-ը դիմել էր դատարան, և դաշնային դատավորը կարգադրել էր վերականգնել լրագրողի անցագիրը։
2025 թվականին Թրամփի վարչակազմը նաև սահմանափակել էր Associated Press-ի մուտքն այն բանից հետո, երբ գործակալությունը հրաժարվել էր Մեքսիկական ծոցի համար օգտագործել վարչակազմի առաջարկած «Gulf of America» անվանումը։ Հետագայում դատարանը պարտավորեցրել էր Սպիտակ տանը վերականգնել AP մուտքը նախագահական տարածք, թեև փակ տարածքներում գործակալության աշխատանքի առանձին սահմանափակումները դարձել էին հետագա դատական քննության առարկա։





























