Անկախության հռչակագրի հղումը Սահմանադրությունից հանելը մարտահրավեր է հայ ժողովրդին. դա Նիկոլ Փաշինյանի մարտահրավերն է Ալիևի հրահանգով հայ ժողովրդին, որի հաջողության դեպքում հայ ժողովուրդը դուրս է գալու նվաստացած։ Այս մասին NEWS.am—ի հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։

«Սա ուղիղ հայ ժողովրդին նվաստացնող ողնաշարից, կամքից զրկող նախաձեռնություն է։ Անպիսի արտահայտությունները, որ մեր հռչակագիրը կոնֆլիկտածին է, չպետականության մասին է, ոչ անկախության մասին է և առաջացնում է իր մեջ կոնֆլիկտներ և խանգարում է խաղաղության գործընթացին, դա պարզապես անամոթություն է։ Անամոթություն մեր այն զոհերի, մեր պատմության, մեր անցյալի նկատմամբ, մեր այն երկու միլիոն քաղաքացիների նկատմամբ, որոնք անկախության օգտին են քվեարկել, և այն խորհրդարանի նկատմամբ, որը զրո դեմ ձայնով, միակամ քվեարկել է անկախության հռչակագրին։

Եվ եթե հանկարծ դա հաջողվեց, նշանակում է Ալիևը մեկ հոգով Նիկոլին գումարած իրար հետ հաղթում են մեր ժողովրդին։ Դա մեզ կբերի բարդույթների, կբերի ծանր նվաստացած կարգավիճակի։ Ես չեմ մտածում, թե այդպես լինելու է, ուղղակի ասում եմ այն, ինչ կարող է լինել։ Դա պետք է բացառել, չպետք է թույլ տալ, որ այդ հարցը հասնի հանրաքվեի»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ Անկախության հռչակագրում նշված է համազգային իղձերի մասին, որի տակ ամեն մարդ կարող է մի բան հասկանալ, դրա համար պետք է դա վերանայել, Արամ Մանուկյանն ասաց. ««Ո՞վ պիտի վերանայի, այսինքն մենք որ քվեարկել ենք, իրենք մեզնից լա՞վն են։ Երկու միլիոն մարդ քվեարկել է, ո՞վ է վերանայող, ո՞վ է այդ դատավորը։ Ազգային իղձը բոլոր ազգերի համար իղձ է, դա անկախությունն է, ազատությունն է, բարգավաճումն է, լավ ապրելն է, իր սահմաններում ապրելն է։ Եվ ինչ-որ մեկը, Ալիևը կամ Նիկոլը պետք է գան, վերախմբագրեն, թե ինչ է նշանակում ազգային իղձե՞րը։ Ես ուսումնասիրել եմ առնվազն 30 երկրի հռչակագիր, որտեղ ավելի ագրեսիվ արտահայտություններ կան, անգամ հայհոյախառն, շատ պահանջատիրական, մերժողական, անեծքի աստիճանի արտահայտություններ կան այն երկրների նկատմամբ, որոնցից անջատվում են պետությունները, ստեղծում են նոր պետություններ։ Մերը այդ առումով բացարձակ անմեղ փաստաթուղթ է»,– ընդգծեց ՀԱԿ փոխնախագահը։ Նա հիշեցրեց, որ Անկախության հռչակագիրը 20 քննարկվել է խորհրդարանում. «Երկար քննարկումների արդյունքում Տեր Պետրոսյանը հասավ այն բանին, որ հռչակագիրը ընդունեց բացարձակ մեծամասնությամբ, զրո դեմ ձայնով։

Դա մեր արժանապատվության փաստաթուղթ է, վերջ, նա մեր ծննդական է, որևէ մեկի իրավունքը չէ այն քննարկել, խմբագրել, հանել և այլն։ Ով այդպիսի բան արեց, նա դավաճան է այս երկրի, դավաճան է մեր շարժմանը, մեր անկախությանը։

Դա մեր ծննդականն է, ես ծնվել եմ այսինչ թվականին, ով իրավունք ունի այդ փաստը, թե որտեղ եմ ծնվել, երբ եմ ծնվել, հերքել խմբագրման ներկայացնել։ Դա փաստ է, մեր պետության կայացման ակտն է, և դրանից 50 տարի հետո որևէ մեկը չի կարող այդ փաստը հերքել։ Սա փաստի հերքում է, ոչ թե սկզբունքի, որովհետև այնտեղ գրված սկզբունքները հիմա չեն աշխատում։

Անկախության հռչակագրում կար, Գերագույն խորհուրդն է զորքերի հրամանատարը, այնտեղ չկար պրեզիդենտի համակարգ, այնտեղ լիքը բաներ կար, որ չեն գործել։ 1989–ի դեկտեմբերի 1–ի որոշում Ղարաբաղի ինքնորոշման և անկախության հանրաքվեով արդեն չկա, չի գործում, Չկա այնպիսի բան, որ հիմա այդ կետերի չկատարման համար դու պետք է պատիժ կրես, որովհետև օրենք ես խախտել։ Այդ փաստաթուղթը գործող, աշխատող փաստաթուղթ չէ, դա պատմական փաստ է»,–ասաց Արամ Մանուկյանը։

Հարցին՝ ինչպե՞ս են պայքարելու, որ այս հարցում իշխանությունը չհասնի իր նապատակին, ՀԱԿ փոխնախագահը պատասխանեց. «Մեր հայտարարության արդեն վերջին կետում գրված է, որ այս գործը ազգային գործ է։ Բոլոր քաղաքական ուժերը, կուսակցությունները, հասարակական ուժերը, կրոնավորները, աթեիստները, սոցիալիստները, բոլորը պետք է լծվեն այս գործին։ Պետք է ստեղծել «ոչ»–ի ճակատ, որը մերժելու է պետության և անկախության նկատմամբ բոլոր ոտնձգությունները։

Քանի որ վերկուսակցական խնդիրներ են, շատ հեշտ է համախմբվել այդպիսի խնդիրների շուրջ՝  կատարելու այն, ինչը անկախություն հռչակած սերունդը մեզ կտակել է, պահպանել պետությունը, պետականությունը,  անկախությունը։ Աստեղ արդեն կուսակցական վեճերը ու տարաձայնությունները չեն աշխատում»։