Երեկ առավոտյան ժամը 11-ը կողմերն էր, որ լսեցին՝ կռանի մասը պոկվել է, ընկել է գլխի վրա, մահացել է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Արևշատ բնակավայրի բնակիչներից մեկը։

«Մեր համագյուղացին էր, աշխատում էր, հորեր էր քանդում, լսեցինք, որ կռանը ընկել է իր գլխին, մահացել է։ Ինքը շատ խելոք տղա էր, ապրում էր մոր հետ, երկուսով էին։ Մի քույրն ամուսնացած էր Ռուսաստանում, մայրն էլ գյուղի մանկավարժ է, շատ խելոք, շատ հարգված կին է։

Ինքը ամուսնացած չէր, աշխատում էր օդանավակայանում, հիմա դուրս էր եկել, այդ կռանի գործն էր անում, հորեր էր քանդում։ Տրակտորը չփացել է, ինքը սարքելուց է եղել, էնտեղից պոկվել, ընկել է գլխին։ Շատ ցավալի է, շատ երիտասարդ տղա էր, հիմա մայրը մնաց մենակ, ամբողջ գյուղը սգում է»,–ասաց նա։

Գյուղի մեկ ուրիշ բնակչ էլ ասաց. «Ինքը շատ լավ տղա էր, կրթված, լավ մամայի տղա, իր մաման էլ դպրոցում ուսուցչուհի է, իմ տղաների դասատուն է եղել։ Վերջերս է ինքը սկսել այդ գործն անել, բայց մինչև այդ էլ լավ տեղ աշխատում էր։ Բոլորն էլ շատ ծանր են տանում, շատ վատ են զգում այդ դեպքի առիթով»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ սեպտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևաշատ գյուղում արտեզյան ջրի հորատող տեխնիկան ընկել է քաղաքացու վրա։

Տեղում պարզվել է, որ հորատող «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի ճնշման յուղի խողովակը վնասվել է, ինչի հետևանքով վարորդի գլուխն արգելափակվել է հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում։ Վարորդը տեղում մահացել է։

Համայնքային ոստիկանները և պարեկները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Արամայիս Առաքելյանն է։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։