Շուրջ 60 միլիոն տարի առաջ ոչ մեծ մեքենայի չափի կրիաներ են թափառել ժամանակակից Կոլումբիայի տարածքում, հայտնում է LiveScience-ը:
Դեռեւս 2005 թվականին Կոլումբիայի ածխահանքում Հյուսիսային Կարոլինայի համալսարանի հնեագետները հայտնաբերել էին հսկայական կրիայի քարացած մնացորդներ, սկզբում հայտնաբերվել էր կրիայի գանգը` ֆուտբոլի գնդակի մեծությամբ, մոտ 24 սմ տրամագծով, իսկ կողքին գտել էին 172 սմ երկարությամբ եւ առաջին հայտնաբերող Էդվին Քադենի հասակի չափով պատյանը, հայտնում է «Ռոսիա 24-ը»: Գիտնականները վստահ են, որ գանգը եւ պատյանը պատկանել են մեկ կենդանու:
Գտածոն դասել էին Carbonemys cofrinii դասին, որը թարգմանվում է որպես «ածխային կրիա»: Կրիան ունեցել է նաեւ հսկայական, հզոր ծնոտներ: Դա նշանակում է, որ նա կարողացել է ուտել ամեն ինչ, ինչ որ հանդիպեր` սկսած փափկամարմիններից մինչեւ փոքր կրիաներ եւ անգամ կոկորդիլոս:
Կրիայի հսկայական ախորժակը, ինչպես նաեւ մեծ քանակությամբ սննդի նրա պահանջը կարող է բացատրել, թե ինչու այդ չափերի այլ կրիա չի հայտնաբերվել այդ տարածքում: «Կենդանի մնալու համար այդ կրիան, հավանաբար, կերել է բոլոր հակառակորդներին: Այդ տարածքում մենք հանդիպել էինք կոկորդիլոսների կրծոտած պատյանների: Փոքր կոկորդիլոսները կարող էին այդ հրեշի համար հեշտ որս լինել», - պատմում է հետազոտության համահեղինակ Դենիել Կսեպկան:
Դա ամենախոշոր ջրային կրիան է, որին երբեւէ հաջողվել է հայտնաբերել: Carbonemys-ի նվազ խոշոր ազգակիցները մոլորակի վրա գոյություն են ունեցել դինոզավրերի հետ:
Սակայն հնեագետները հաստատել են, որ հայտնաբերված կրիան հայտնվել է դինոզավրերի վերացումից 5 միլիոն տարի հետո:




























