Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև այսօր ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՏԿԵՆ–ից։

ՀՀ կառավարության անունից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։ 

Համաձայնագրով կանոնակարգվում է երկու երկրների միջև արտաքին առևտրային կապերի զարգացման համար հուսալի և բարձրարդյունավետ միջազգային ճանապարհային փոխադրմները։ 

Քրիստինե Ղալեչյանն ընդգծել է, որ ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև ստորագրված ուղևորների և բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին համաձայնագիրը ևս մեկ կարևոր քայլ է երկու երկրների միջև տրանսպորտի ոլորտում համագործակցության խորացման և փոխկապակցվածության ամրապնդման ուղղությամբ։ 

Համաձայնագրի ստորագրումը կարեւոր քայլ է՝ ուղղված Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության գործնական իրագործմանը։