«Պոլո» փոթորիկը ուժգնացել է մինչև հինգերորդ՝ առավելագույն կարգ և շարունակել է հզորանալ Մեքսիկայի հարավարևմտյան ափերի մոտ, հայտնում է Associated Press-ը։
ԱՄՆ Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը (NHC) կայուն քամու առավելագույն արագությունը գնահատել է 266 կմ/ժ և փոթորիկը բնութագրել «ծայրահեղ վտանգավոր»։
Սեպտեմբերի 22-ի կեսօրին «Պոլո»-ն գտնվել է Մեքսիկայի Գեռերո նահանգի Սիուատանեխո քաղաքից մոտ 346 կմ հարավ։ Փոթորիկը գրեթե չէր տեղաշարժվում Խաղաղ օվկիանոսի վրա։ NHC-ի մասնագետները ծրագրում էին փոթորկի շրջան ինքնաթիռ ուղարկել լրացուցիչ հետազոտության համար։
Մեքսիկայի իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են դասերը ափամերձ մի շարք շրջաններում։ Երկրի ռազմածովային ուժերը փակել են Գեռերո և Միչոական նահանգների նավահանգիստները և բնակիչներին ու ձկնորսներին զգուշացրել վտանգի մասին։
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը առավոտյան ճեպազրույցում հայտարարել է, որ, մասնագետների կանխատեսումներով, «Պոլո»-ն, ամենայն հավանականությամբ, ցամաք դուրս չի գա։
Միաժամանակ փոթորիկը ափամերձ շրջաններ կբերի հորդառատ անձրևներ, քամի և բարձր ալիքներ։ Գեռերո և Միչոական նահանգներում կանխատեսվում էր 8-15 սմ տեղումներ, իսկ ավելի փոքր ծավալներ՝ Օահակայի, Կոլիմայի և Խալիսկոյի ափամերձ շրջաններում։ Հորդառատ տեղատարափերը կարող են հանկարծակի ջրհեղեղներ և սողանքներ առաջացնել։
Իրավիճակն առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում Գեռերո և Օահակա նահանգներում, որոնք վերջին տարիներին բազմիցս ենթարկվել են հզոր փոթորիկների հարվածներին։ Տարածաշրջանի խոշորագույն նավահանգստային քաղաքներից մեկում՝ Ակապուլկոյում, ձկնորսական նավակները նախապես դուրս են բերվել ափ։ Քաղաքը մինչ օրս վերականգնվում է 2023 թվականի ավերիչ փոթորիկից հետո։
Հինգերորդ կարգը Սաֆիր- Սիմփսոնի սանդղակով առավելագույնն է։ Այն տրվում է այն փոթորիկներին, որոնց կայուն քամու արագությունը գերազանցում է 253 կմ/ժ։
Միաժամանակ Խաղաղ օվկիանոսում գտնվել է ևս մեկ արևադարձային ցիկլոն՝ «Օդալիս»-ը։ Նրա քամու առավելագույն արագությունը կազմում էր 105 կմ/ժ, և, ըստ կանխատեսումների, երեքշաբթի այն պետք է ուժգնանար փոթորկի աստիճան։
Իսկ Ատլանտիկայում «Ֆեյ» արևադարձային փոթորիկը, ընդհակառակը, թուլացել է մինչև արևադարձային դեպրեսիա։ Կայուն քամու արագությունը նվազել է մինչև 56 կմ/ժ։ Համակարգը գտնվել է Ազորյան կղզիներից շատ հարավարևմուտք, և սպասվում էր, որ շուտով կվերածվի մնացորդային նվազագույն ճնշման գոտու։
Հրապարակման պահին այս տարի Ատլանտիկայում դեռ չէր ձևավորվել ոչ մի փոթորիկ։ Օդերևութաբանների տվյալներով՝ սեզոնը ռեկորդ է սահմանել Ատլանտիկայում առաջին փոթորկի ամենաուշ հայտնվելու ամսաթվով։ Անսովոր իրավիճակի պատճառներից մեկը համարվում է Էլ Նինյոյի ազդեցությունը, որը խոչընդոտում է արևադարձային համակարգերի զարգացմանը։




























