Կլիմայի փոփոխությունն արագացնում է հնագույն բուրգերի քայքայումն ամբողջ աշխարհում. երաշտների, անոմալ շոգի և հորդառատ անձրևների հերթագայությունը հանգեցնում է ճաքերի առաջացմանն ու շինանյութերի ամրության թուլացմանը, գրում է Science Alert-ը։

Գիտնականները նախազգուշացնում են, որ պատմական հուշարձանները հատկապես խոցելի են դառնում, երբ եղանակային ծայրահեղ պայմանները հաջորդում են միմյանց կարճ ընդմիջումներով։

Օրինակներից մեկը 2024 թվականի հուլիսին Մեքսիկայի Միչոական նահանգի Իուատցիո հնագիտական համալիրում գտնվող 15-մետրանոց բուրգի հարավային պատի փլուզումն էր։ Մեքսիկայի Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի (INAH) տվյալներով, կառույցը վնասվել է մի քանի շաբաթ տևած հորդառատ անձրևներից հետո։ Դրան նախորդել էին անոմալ բարձր ջերմաստիճանն ու երաշտը, որոնք ճաքեր էին առաջացրել, և դրանց միջով ջուրը ներթափանցել էր կառույցի ներսը։

Ինչպես նշում են մասնագետները, հնագույն շատ կառույցներ կառուցված են կավ պարունակող նյութերից։ Խոնավության փոփոխության դեպքում կավը սեղմվում և ընդարձակվում է, ինչը նպաստում է ճաքերի առաջացմանը։ Երաշտային շրջաններից առատ տեղումների կտրուկ անցումները կարող են արագացնել հուշարձանների պատերի և ներքին հատվածների քայքայումը։ Ընդ որում, վտանգ են ներկայացնում ոչ միայն տեղումները, այլև ջրհեղեղները, ուժեղ քամին, ջերմաստիճանի ու ծովի մակարդակի բարձրացումը։

Խնդիրը չի սահմանափակվում Կենտրոնական Ամերիկայով։ Սուդանում գտնվում են հնագույն Քուշ թագավորության ավելի քան 200 բուրգեր, որոնք հայտնի են որպես Մերոեի բուրգեր։ Դրանց սպառնում են քամու էրոզիան, ավազը, հորդառատ անձրևներն ու ջրհեղեղները։ Հետազոտության համաձայն, 2021 թվականին ուսումնասիրված 19 բուրգերից 15-ը լուրջ վնասվածքներ ունեին, մինչդեռ յոթ տարի առաջ այդ թիվը 12 էր։

Գիտնականները նաև ուշադրություն են հրավիրում վերականգնման հետ կապված ռիսկերի վրա։ 2004 թվականին հորդառատ անձրևներից հետո փլուզվել է Սալվադորի արևմուտքում գտնվող Տասումալ հնագիտական համալիրի բուրգի մի մասը։ Ընդ որում, քանդվել է ժամանակակից բետոնե կառուցվածքներով ամրացված հատվածը։ Այս դեպքը ցույց է տվել, որ անհամապատասխան նյութերն ու վերականգնման մեթոդները կարող են ոչ թե պաշտպանել հնագույն կառույցները, այլ արագացնել դրանց վնասումը։

Կլիմայագետ Յորգեն Հոլեսենը դեռևս 2022 թվականին Antiquity ամսագրի համար գրված հոդվածում նախազգուշացնում էր, որ տեղումների քանակի ավելացումը, եղանակային ծայրահեղ երևույթների հաճախացումը, ջերմաստիճանի բարձրացումն ու ծովի մակարդակի աճը ոչ միայն նոր սպառնալիքներ են ստեղծում հնագիտական հուշարձանների համար, այլև սրում են արդեն առկա ռիսկերը։

Իուատցիոյում բուրգի փլուզումից հետո Մեքսիկայի իշխանությունները հայտարարել են վերականգնման աշխատանքների նախապատրաստման մասին։ 2025 թվականի հունիսին INAH-ը հայտնել էր նախագծին երեք միլիոն պեսո հատկացնելու մասին։

Սակայն մասնագետներն ընդգծում են, որ հնագույն ժառանգության պահպանման համար անհրաժեշտ են ոչ միայն վերանորոգում և կառույցների ամրացում, այլև կլիմայական նոր պայմանները հաշվի առնող կոնսերվացման մեթոդներ։