Երկու ոսկորները, որոնք ավելի քան յոթ տասնամյակ Ալյասկայի թանգարաններից մեկում պահվում էին որպես բրդոտ մամոնտի մնացորդներ, իրականում պատկանել են կետերի։ Գիտնականները դա պարզել են գտածոների տարիքը, քիմիական կազմը և հնագույն ԴՆԹ-ն վերլուծելուց հետո։

Արդյունքները հրապարակվել են Journal of Quaternary Science ամսագրում։

Ոսկորները հնագետ Օտտո Գայստը հայտնաբերել է 1951 թվականին՝ Ալյասկայի ներքին շրջաններում իրականացված արշավախմբի ընթացքում։ Տպավորիչ չափերի և արտաքին տեսքի պատճառով դրանք վերագրվել են բրդոտ մամոնտներին։ Դրանից հետո նմուշները փոխանցվել են Ֆերբենքսում գտնվող Ալյասկայի համալսարանի Հյուսիսի թանգարանին, որտեղ պահվել են տասնամյակներ շարունակ։

Գտածոյին կրկին անդրադարձել են մամոնտների բրածո մնացորդների ուսումնասիրման և թվագրման թանգարանային նախագծի շրջանակում։ Ռադիոածխածնային վերլուծությունը ցույց է տվել, որ ոսկորները զգալիորեն ավելի երիտասարդ են, քան պետք է լինեին մամոնտի մնացորդները. սկզբում դրանց տարիքը գնահատվել է մոտ երկու-երեք հազար տարի, այնուհետև ճշգրտվել՝ հասնելով 1200–1900 տարվա։

Մամոնտների մեծ մասն անհետացել է մոտ 13 հազար տարի առաջ, թեև փոքր, մեկուսացված պոպուլյացիաները գոյատևել են ևս մի քանի հազարամյակ։ Եթե մնացորդներն իսկապես մամոնտի պատկանեին և ճիշտ թվագրված լինեին, դա սենսացիոն վկայություն կլիներ այն մասին, որ այս կենդանիները գոյատևել են անսովոր ուշ ժամանակաշրջանում։

Սակայն քիմիական վերլուծությունը ոսկորներում հայտնաբերել է ածխածին-13 և ազոտ-15 իզոտոպների բարձր պարունակություն։ Նման ցուցանիշներ ավելի հաճախ հանդիպում են ծովային կենդանիների մոտ և չէին համապատասխանում ցամաքային խոտակեր կենդանու ենթադրյալ սննդակարգին։ Տեսակը որոշելու համար հետազոտողները միտոքոնդրիալ ԴՆԹ են առանձնացրել և այն համեմատել ժամանակակից կետերի գենետիկական նյութի հետ։

Վերլուծությունը ցույց է տվել, որ ոսկորներից մեկը պատկանել է հյուսիսխաղաղօվկիանոսյան հարթ կետի, իսկ մյուսը՝ սովորական փոքր զոլավոր կետի։ Սակայն բացահայտումը նոր հանելուկ է առաջացրել. ինչպե՞ս են ավելի քան հազար տարվա վաղեմության ծովային կաթնասունների մնացորդները հայտնվել Ալյասկայի ներքին շրջաններում՝ մոտակա ծովափից ավելի քան 400 կիլոմետր հեռավորության վրա։

Գիտնականները դիտարկում են մի քանի բացատրություն։ Տեսականորեն կետերը կարող էին հնագույն ջրային ուղիներով հասնել ցամաքի խորքերը, թեև հետազոտողները նման սցենարը քիչ հավանական են համարում։ Հնարավոր է՝ մնացորդները տեղափոխել են մարդիկ։ Չի բացառվում նաև թանգարանային հավաքածուների ցուցակագրման ժամանակ առաջացած շփոթությունը. նույն օրը թանգարանում մշակվել են կետերի բնակության վայր հանդիսացող առափնյա տարածքներում հավաքված գտածոները։

Հնարավոր է՝ այդպես էլ չհաջողվի վերջնականապես պարզել, թե ինչպես են ոսկորները հայտնվել Ալյասկայի խորքերում։ Սակայն հետազոտությունը թույլ է տվել բացառել այն վարկածը, որ դրանք պատկանել են վերջին մամոնտներից մի քանիսին։