Մոտ 99 միլիոն տարի առաջ որոշ մորեխներ կարող էին տեղաշարժվել ջրի մակերևույթով՝ ժամանակակից ջրաչափիկների նման։ Այս եզրակացությանն են եկել հնէաբանները՝ ուսումնասիրելով սաթի մեջ պահպանված բրածո միջատներին։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the Royal Society B ամսագրում։
Արտասովոր միջատներին հայտնաբերել են մոտ 99 միլիոն տարվա վաղեմության սաթի հավաքածուի երեք նմուշներում։ Նրանք ունեին կարճ մարմին, զուրկ էին թևերից, իսկ երկար ու բարակ ոտքերը նրանց այնքան անսովոր տեսք էին հաղորդում, որ Չինաստանի Նանջինգի երկրաբանության և հնէաբանության ինստիտուտի հետազոտող Չունպեն Սյուն սկզբում նրանց շփոթել էր հնձվոր սարդակերպերի կամ փայտիկավորների հետ։
Մանրադիտակով ուսումնասիրելիս գիտնականները հայտնաբերել են երկու բնորոշ առանձնահատկություն՝ առջևի ոտքերի ջրավան մազիկներ և հետևի ոտքերի ստորին հատվածի տերևանման գոյացություններ։ Հետազոտողների կարծիքով, մազիկներն ու հենման մեծ մակերեսը միջատներին թույլ էին տալիս մակերևութային լարվածության շնորհիվ մնալ ջրի մակերևույթին, իսկ տերևանման կառուցվածքներն օգնում էին տեղաշարժվել։
Միջատներին անվանել են Hydrelcana zhangi և դասել նոր՝ Hydrelcanidae ընտանիքին։ Բացահայտումը վկայում է, որ ջրի վրայով տեղաշարժվելու ունակությունը կարող էր անկախ զարգանալ միջատների առնվազն երեք խմբերում։ Մինչև այժմ գիտնականներին հայտնի էին ջրաչափիկներն ու նրանց մերձավոր ազգակիցները, ինչպես նաև անհետացած Chresmodidae ընտանիքը, որի ներկայացուցիչները նույնպես կարող էին քայլել ջրի մակերևույթով։
Ընդ որում, հնագույն մորեխները տեղաշարժվում էին ժամանակակից ջրաչափիկներից տարբեր կերպ․ վերջիններս թիավարում են միջին զույգ ոտքերով։ Բերանային ապարատի կառուցվածքի և ճանկիկների բացակայության հիման վրա հետազոտողները նաև ենթադրել են, որ Hydrelcana zhangi-ն, ի տարբերություն ժամանակակից ջրաչափիկների, սնվում էր հիմնականում բուսական կերով։
Սաթի մի բեկորում գիտնականները հայտնաբերել են միանգամից ինը այդպիսի միջատ։ Սա կարող է վկայել այն մասին, որ նրանք մեծ խմբերով հավաքվում էին սնվելու համար։ Եթե ենթադրությունը հաստատվի, գտածոն կարող է դառնալ մորեխների կամ ծղրիդների զանգվածային կուտակման ամենավաղ վկայությունը։




























