Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանն ու գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն, այսօր` մայիսի 21-ին, հանդիպել են ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի պատվիրակության անդամների հետ:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության ղեկավար Նիկոլայ Ֆեդորյակի տեղեկացմամբ` այցի նպատակը ՌԴ սահմաններից դուրս գտնվող ռուսական ռազմաբազաների գործունեության ու պայմանների դիտարկումն է,  ֆինանսավորման հարցերի քննարկումը`  պաշտպանությանն առնչվող օրենսդրական դաշտը բարելավելու համար: Դաշնային խորհրդի պատվիրակությունը հետաքրքրված է նաեւ միջխորհդարանական կապերի ամրապնդմամբ, մասնավորապես պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում շփումներն ակտիվացնելու հեռանկարով:

Արտակ Դավթյանը եւ Հրայր Կարապետյանը, ընդգծելով հայ ժողովրդի ջերմ ու բարեկամական վերաբերմունքը  ռուս ժողովրդի հանդեպ, փաստել են, որ մեծամասնությունն է պաշտպանել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմաքաղաքական պայմանագրի` որպես փոխշահավետ համաձայնության, վավերացումը: Թեեւ միջխորհրդարանական հարաբերությունները, զրուցակիցների բնորոշմամբ, բարձր մակարդակի վրա են, կա համագործակցությունը  զարգացնելու ավելի մեծ ներուժ:

Պատգամավորների համոզմամբ` փոխադարձ այցերը եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում փոխգործակցությունը նոր լիցք կհաղորդեն այդ հարաբերություններին: