Սեպտեմբերի 23-ի գիշերը ուկրաինական անօդաչուները դարձյալ հարվածել են Բաշկորտոստանին և Սամարայի մարզին։ Ուֆայի բնակիչները տեղական ալիքներում ահազանգել են պայթյունների ու որոտանման ձայների մասին, իսկ իշխանությունները հայտարարել են ԱԹՍ-ների հարձակման վտանգ։
Ուկրաինական «Supernova» մոնիթորինգային ալիքի տվյալներով՝ հարվածից հետո հրդեհ է բռնկվել Ուֆայի հյուսիսում գտնվող «Բաշնեֆտ»-ի վերամշակող գործարաններից մեկում։ Ականատեսների կադրերում երևում է արդյունաբերական գոտուց բարձրացող ծխի սյունը, ինչը ֆիքսել են նաև NASA-ի արբանյակները։ «Astra»-ն իր հերթին գրում է, որ ծխի աղբյուրը կարող է լինել ինչպես ՆՎԳ-ն, այնպես էլ տեղի ՋԷԿ-ը։
Տեղական «Аспекты» ալիքի փոխանցմամբ՝ Ուֆայում գիշերը խոցվել է առնվազն երեք ԱԹՍ։ Քաղաքի արդյունաբերական գոտին, որտեղ տեղակայված են տարեկան 23,5 միլիոն տոննա ընդհանուր հզորությամբ նավթավերամշակման երեք խոշոր գործարանները, ԱԹՍ-ների թիրախում վերջին անգամ հայտնվել էր սեպտեմբերի 21-ի առավոտյան։
Գիշերը հարձակման է ենթարկվել նաև Սամարան․ բնակիչները հայտնել են տարածաշրջանի երկնքում հնչած ուժգին պայթյունների մասին։ Ուկրաինական աղբյուրները գրում են «Ռոսնեֆտ»-ի Կույբիշևի ՆՎԳ-ի տարածքում (տարեկան 7 միլիոն տոննա հումքով) բռնկված հրդեհի մասին, որը թիրախավորվել էր նաև սեպտեմբերի 22-ին։ «Supernova»-ի փոխանցմամբ՝ այրվում է նախօրեին վնասված ռեզերվուարը։ Մարզպետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևի էջում օգտատերերից մեկը հաստատել է, որ Կույբիշևի գործարանն այրվում է։
Օգտատիրոջ խոսքով՝ հարձակման պահին տագնապի ազդանշաններ չեն եղել․ «Միայն դղրդյուն էր ու գործարանի հրդեհը»։ Կույբիշևի ՆՎԳ-ն, որը հրդեհվել էր նաև նախորդ հարձակման ժամանակ, 2024 թվականին վերամշակել էր 4,7 միլիոն տոննա նավթամթերք՝ թողարկելով ավտոբենզին, դիզելային վառելիք և մազութ։ Գործարանը թիրախավորվել էր նաև 2026 թվականի հունիսին, ինչից հետո ժամանակավորապես կանգնեցրել էր վերամշակումը։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ անցած գիշեր ՀՕՊ և ԷՊԿ միջոցներով ռուսական 18 տարածաշրջանների, Ղրիմի, ինչպես նաև Ազովի ու Սև ծովերի ակվատորիաների վրա խոցվել է ուկրաինական 514 ինքնաթիռային տիպի անօդաչու։



























