Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է տուռնիկի վրա կախվել ու ձգումներ անել, ինչը, սակայն, չի նշանակում, թե ստենտավորումից անմիջապես հետո ընկած ժամանակահատվածում ռիսկեր չկան։ Սեպտեմբերի 23-ին հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է նրա փաստաբան Արամ Օրբելյանը։

«Քոչարյանը կարող է ռուռնիկի վրա պտույտներ անել, կարող է ձգումներ անել․ ընդ որում՝ ավելի շատ, քան ես։ Նա շատ լավ ֆիզիկական վիճակում է։ Ինչը ամենևին չի նշանակում, թե ստենտավորումից մեկ շաբաթ անց կալանավորումը չի սպառնում նրա առողջությանը։ Սրանք սիրողական մակարդակի խոսակցություններ են»,- նշել է փաստաբանը։

Արձագանքելով կառավարության ղեկավարին, որը կասկածի տակ էր դրել կալանքի պատճառով Քոչարյանի առողջությանը սպառնացող վտանգը (հիշեցնելով, որ նախընտրական շրջանում նախկին նախագահը պտտաձողի վրա ուժերն էր չափել երիտասարդներից մեկի հետ)՝ Օրբելյանը Փաշինյանի հասցեին ասել է․ «Պարզվում է՝ նա ոչ միայն մեծ քաղաքագետ է, այլև փայլուն բժիշկ․ հասկանում է, թե որ հիվանդությունն է վտանգավոր, որը՝ ոչ։ Հասկանում է, թե ով է ձևացնում (Փաշինյանը ձևացնելու մեջ մեղադրել էր Գագիկ Խաչատրյանին – խմբ․)։ Քաղաքական դատարկաբանության ոլորտի մեդալակիր»։

«Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա առողջական խնդիրը հետևյալում է․ նա սրտի վիրահատություն է տարել՝ չասեմ պլանային, բայց և ոչ էլ չափազանց արտասովոր։ Վիրահատությունից հետո մեկ ամիսը համարվում է բարձր ռիսկայնության շրջան, որովհետև մարդը արյունը նոսրացնող դեղամիջոցներ է ընդունում, և յուրաքանչյուր կտրվածք կարող է խնդիրներ առաջացնել։ Դեղամիջոցները նշանակվում են, քանի որ այդ ողջ ընթացքում առկա է թրոմբոզի ռիսկ։ Սա չի նշանակում, թե մարդը քայլում է գունատ, կաղում է, հազում, իսկ մինչ այդ չի կարողանում պտտաձողի վրա ձգումներ անել։ Սա ընդամենը նշանակում է, որ մեկ ամսվա ընթացքում պահպանվում է բարձր ռիսկայնությունը։ Եվս 2-3 ամիս համարվում են միջին մակարդակի ռիսկայնության շրջան»,- պարզաբանել է փաստաբանը։