Սեդրակ Քոչարյանի գործարար գործընկերները վնասի փոխհատուցում են պահանջելու՝ իրենց ներդրումային իրավունքների խախտման համար։ Այս մասին սեպտեմբերի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Արամ Օրբելյանը։

Փաստաբանի խոսքով՝ 20 տարի շարունակ (Փաշինյանն ու նրա կողմնակիցները) հայտարարում էին, թե իբր Քաջարանի կոմբինատը, «Կոնվերս բանկը», «Արդշինբանկը», «Հայփոստը», «Սպայկան», օդանավակայանն ու այնտեղի ինքնաթիռները Քոչարյանին են պատկանում։ Արդյունքում պարզվեց, որ նրա անունով միայն տուն կա գրանցված։ «Քոչարյանը երբեք բիզնեսով չի զբաղվել»,- կրկին շեշտեց փաստաբանը՝ հավելելով, որ թեև կան մարդիկ, ովքեր իրենց բիզնեսը գրանցում են կնոջ կամ այլ հարազատների անունով, Ռոբերտ Քոչարյանի դեպքում պատկերն այլ է. պաշտոնաթող նախագահը երբեք չի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։

«(Սեդրակ Քոչարյանի - խմբ.) բիզնեսների մեծ մասն ունի համասեփականատերեր, որոնք ակտիվորեն մասնակցում են աշխատանքներին»,- հիշեցրեց իրավաբանը՝ հավելելով, որ գործում ի հայտ է եկել նաև տանզանիական ինչ-որ ընկերություն, որի մասին Սեդրակ Քոչարյանը ոչինչ չգիտի։ Ինչ վերաբերում է հողատարածքի վերավաճառքի մեղադրանքին, փաստաբանը վերահաստատեց այն միտքը, որ Երևանի կենտրոնում հողի և անշարժ գույքի գներն էականորեն աճել են առքուվաճառքից շատ ավելի ուշ, ինչը պայմանավորված էր շինարարական բումով։

Անդրադառնալով Սեդրակ Քոչարյանի ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման աղբյուրներին վերաբերող հարցին՝ Օրբելյանը նշեց, որ ինքը նրա շահերի պաշտպանը չէ (համապատասխան միջնորդություն ներկայացրել է, բայց նախաքննական մարմինը դեռ չի արձագանքել), ուստի խիստ կաշկանդված է տեղեկություններ հրապարակելու հարցում։ «Նախաքննական մարմինը չի պարզում կամ կասկածի տակ դնում ֆինանսավորման աղբյուրը, դրա ապօրինի լինելու մասին խոսք չկա։ Խոսքը գործընթացում առկա ինչ-որ մեքենայությունների մասին է»,- պարզաբանեց իրավաբանը։

Օրբելյանը նաև հիշեցրեց, որ նախաքննական մարմնի այն գործողությունները, որոնց հետևանքով բիզնես-օբյեկտներն անորոշ ժամանակով փակվում են և հսկայական վնասներ հասցնում գործարարներին, բողոքարկվելու են և, ի վերջո, հանգեցնելու են պետության կողմից ոչ պակաս հսկայական փոխհատուցումների վճարմանը։ Որպես օրինակ նա նշեց «Լա Գալերիա»-ի շուրջ ստեղծված իրավիճակը, որի հագուստի հավաքածուների արժեքը սեզոնի ավարտից հետո կտրուկ անկում է ապրում։ «Ընդամենը մեկ անգամ են դուռը բացել՝ ջերմաստիճանային ռեժիմը ստուգելու նպատակով։ Ֆիզիկական վնաս (ասենք՝ ցեցի տեսքով) կա՞, թե՞ ոչ՝ դեռևս անհայտ է։ Վնասի փոխհատուցման հարցին անպայման դեռ կանդրադառնանք։ Ինչ վերաբերում է «Տոյոտա Երևանի» հաճախորդներին, շատերը ստիպված Վրաստան են մեկնում՝ երաշխիքային սպասարկմամբ շարժիչի յուղը փոխելու համար։ Մեկն ասում է՝ հեծանիվով է շրջելու (նկատի ունի Փաշինյանին - խմբ.), բայց նա կյանքում իր գրպանի հաշվին «Տոյոտա» չի գնել և գաղափար անգամ չունի, թե ինչ է նշանակում ավտոմեքենայի երաշխիքային սպասարկում։ Բոլոր բիզնեսներն ունեն համասեփականատերեր, և բոլորն էլ մտադիր են փոխհատուցում պահանջել իրենց ներդրումային իրավունքների խախտման համար»,- կրկնեց փաստաբանը։ Նրա խոսքով՝ հարցի նկատմամբ աբսուրդային վերաբերմունքի ցայտուն օրինակ է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա քլաբը». մի անգամ փակեցին, հետո բացեցին, փոխհատուցեցին վնասը, իսկ հիմա նորից նույնն են անում՝ կարծես մի անգամը քիչ էր։