Չնայած Երևանում տրանսպորտային միջոցների քանակի և խցանումների աննախադեպ աճին՝ 2018 թվականի իշխանափոխությունից ի վեր մայրաքաղաքում պետության կողմից որևէ ստորգետնյա կամ վերգետնյա ավտոկայանատեղի չի կառուցվել: Փոխարենը՝ վերջին տարիներին շեշտակի ավելացել են փողոցների երթևեկելի հատվածի աջ կողմում առանձնացված վճարովի ավտոկայանատեղերից («կարմիր գծեր») ստացվող համայնքային եկամուտները:

NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ միայն ավտոկայանատեղի «Ա» գոտու («կարմիր գծեր») համար 2025 թվականին Երևան համայնքի բյուջե է մուտքագրվել 1,326,628,400 ՀՀ դրամ, իսկ 2026 թվականի հունվար-օգոստոս ամիսներին՝ 846,122,700 ՀՀ դրամ:

Իսկ վճարների թանկացման առաջին տարում՝ 2024 թվականին, «Ա» գոտու համար միանվագ վճարվել է շուրջ 608 մլն 640 հազար դրամ: Հաշվի առնելով, որ կիրակի օրերին մայրաքաղաքում կայանումն անվճար է, 2024 թվականի հունվարից մինչև 2026 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում (երբ ընդհանուր մուտքերը կազմել են 2,781,391,100 դրամ) մայրաքաղաքի կենտրոնում կայանելու համար «կարմիր գծերից» օրական միջինում գանձվել է շուրջ 3.33 միլիոն ՀՀ դրամ (մոտ 8,500 ԱՄՆ դոլար):

Հիշեցնենք, որ «Ա» գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեո փողոցների շրջագիծը՝ ընդհանուր առմամբ շուրջ 40 փողոց և պողոտա:

2024 թվականի հունվարի 1-ից Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին պարտավորեցրել է տարեկան 160 հազար դրամ (մոտ 400 ԱՄՆ դոլար) վճարել մայրաքաղաքի կենտրոնում («Ա» գոտի) կայանելու համար, իսկ «Բ» գոտում վճարը սահմանվել է տարեկան 24 հազար դրամ: Մինչ այդ տարեկան վճարը, անկախ տեղանքից, 12 հազար դրամ էր: Բացի այդ, 1 ժամվա կայանման վճարը «Ա» գոտում դարձել էր 300 դրամ, «Բ» գոտում՝ 200 դրամ։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը դատական կարգով վիճարկել էր 2024 և 2025 թվականների համար վճարովի ավտոկայանատեղերի դրույքաչափերը սահմանող որոշումները: Վարչական դատարանը մասնակի բավարարել էր դիմումը՝ անվավեր ճանաչելով դրույքաչափերին վերաբերող դրույթները՝ որպես «Տեղական տուրքերի և վճարների մասին» ու «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքներին հակասող:

Դատարանն իր վճիռը հիմնավորել է նրանով, որ օրենքով ավտոկայանատեղի վճարը չի կարող գերազանցել ծառայության կազմակերպման փաստացի ծախսերը, իսկ փողոցների բեռնաթափման նպատակը չի կարող հիմք հանդիսանալ տեղական վճարի դրույքաչափի բարձրացման համար: Բացի այդ, քաղաքապետարանը որևէ կերպ չի ապացուցել, որ սակագների կտրուկ բարձրացումն ուղղված է եղել մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը: Առաջին ատյանի դատարանի վճիռը Վերաքննիչ վարչական դատարանը թողել էր անփոփոխ, իսկ Վճռաբեկ դատարանը մերժել է քաղաքապետարանի բողոքը վարույթ ընդունել՝ օրինական ուժի մեջ թողնելով Վարչական դատարանի որոշումը:

Հաշվի առնելով  կայացված դատական ակտերը՝ NEWS.am-ը քաղաքապետարանից հետաքրքրվել էր, թե արդյոք մինչ օրս որևէ քաղաքացի (վարորդ)դիմել է համայնքապետարան՝ նշված դատական ակտերի հիման վրա նախկինում վճարված գումարները հետ ստանալու (վերադարձնելու) պահանջով:

Ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Վարչական դատարանի վճռին հղումով քաղաքացիների դիմումների առանձնացված հաշվառում չեն իրականացնում:

Միևնույն ժամանակ, քաղաքապետարանից պարզաբանել են, որ դատարանը մերժել է «Մայր Հայաստան» խմբակցության պահանջը՝ որոշումն ընդունման պահից (հետադարձ ուժով) անվավեր ճանաչելու մասով:

«ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/0796/05/25 վարչական գործով 2025 թվականի մայիսի 23-ին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը բավարարվել է մասնակի, և Երևան քաղաքի ավագանու «Երևան համայնքում տեղական վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 265-Ն որոշման հավելվածի 27-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները ճանաչվել են ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասին և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասին, 6-րդ հոդվածի 2-րդ մասին և 8-րդ հոդվածին հակասող և անվավեր, իսկ Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը՝ վիճարկվող դրույթներն ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու պահանջի մասով մերժվել է»,- ասված է կայքին ուղարկված պատասխանում:

Քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության դիրքորոշմամբ՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն՝ ակտն անվավեր է ճանաչվում դատական ակտի ուժի մեջ մտնելու պահից, իսկ ավագանու սահմանած դրույքաչափերը գործել են որպես ժամկետային ակտ՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, որի ընթացքում համայնքի կողմից ծառայությունները փաստացի մատուցվել են:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքի, հատկապես Կենտրոն վարչական շրջանի բեռնաթափման խնդրին, NEWS.am-ը դեռևս նախորդ տարեվերջին էր գրավոր հարցմամբ դիմել քաղաքապետարան՝ ճշտելու, թե արդյոք վերջին ութ տարիներին մայրաքաղաքում կառուցվել կամ առաջիկայում ծրագրվում է կառուցել բարձրահարկ կամ ստորգետնյա ավտոկայանատեղիներ:

Ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ 2018-2025 թթ. ընթացքում համայնքային կամ պետական միջոցներով ստորգետնյա կամ վերգետնյա ավտոկայանատեղեր չեն կառուցվել:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2026 թվականի ընթացքում ստորգետնյա կամ վերգետնյա ավտոկայանատեղիների կառուցման ծրագրեր Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում այս պահին առկա չեն»,- նշված է քաղաքապետարանի պատասխանում:

Այսպիսով՝ ստացված պատկերը վկայում է, որ քաղաքային իշխանությունը կայանման խնդիրը փորձում է լուծել ոչ թե ենթակառուցվածքներ զարգացնելով, այլ քաղաքացիների ֆինանսական բեռն ավելացնելով:

Կենտրոնում ընթացող խտացված կառուցապատումն էլ ավելի է սրում կայանատեղերի պահանջարկը, մինչդեռ համայնքային բյուջե հավաքագրվող միլիարդավոր դրամները չեն ուղղվում խնդրի համակարգային լուծմանը։ Առաջանում է տրամաբանական հարց. եթե «կարմիր գծերի» թանկացումն արդարացվում էր Կենտրոնի բեռնաթափմամբ, ինչո՞ւ այդ վճարներից գանձված միջոցները չեն ներդրվում տարածքների ձեռքբերման, ստորգետնյա կամ վերգետնյա բազմամակարդակ ավտոկայանատեղերի կառուցմանը: