Երեւանում, այսօր` մայիսի 21-ին, «Բազմազանության շքերթ» կազմակերպած «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» եւ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ իրավապահ մարմիններից պահանջում են գտնել երթի վրա հարձակման կազմակերպիչներին եւ մասնակիցներին ու նրանց պատասխանատվության ենթարկել:
Հայտարարության մեջ ասվում է.
«Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» եւ «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունները մայիսի 21-ին` ժամը 16:15, նախաձեռնել էին «Բազմազանության երթ», որն իրականացվում էր մշակութային բազմազանության համաշխարհային օրվա շրջանակներում` ցույց տալու եւ արժեւորելու մշակութային, ազգային, մարդկային եւ բուսական բազմազանության առկայությունը մեր երկրում: Նրանք պատրաստել էին ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնությունների, ռասայական, բուսական բազմազանության, բազմակարծության եւ բազմամշակութայնության մասին պաստառներ:
Երթի վերաբերյալ սոցիալական ցանցերով տարբեր անձանց կողմից տարածվել էր ապատեղեկատվություն, թե իբր միջոցառումն այլ ենթատեքստ ունի` «գեյ շքերթ» է: Այդ կապակցությամբ ծայրահեղական տրամադրված խմբերը, «հայրենասիրության» լույսի ներքո, կազմակերպված կերպով հավաքվել էին Մ. Սարյանի արձանի մոտ` երթի մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրելու նպատակով: Խաղաղ երթին մասնակցում էին տարբեր հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Հայաստանում ապրող փախստականներ, տարբեր սոցիալական խմբերի ներկայացնող մարդիկ, քաղաքացիական ակտիվիստներ:
Ֆաշիստական լոզունգներ, մասնավորապես` «zieg heil» գոռալով, սպառնալիքներով, հայհոյելով, ֆիզիկական բռնության կոչերով ու գործողություններով` ծայրահեղականներն ամեն կերպ խոչընդոտեցին երթի ընթացքը` ահաբեկելով խաղաղ երթի մասնակիցներին: Անգամ ՀՀ Ոստիկանության ներկայությունն արգելք չհանդիսացավ, որ ագրեսիվ տրամադրված, մոլեռանդ ամբոխը շարունակի իր գործողությունները եւ հարձակումները:
Այս իրավիճակում ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչներին դժվարությամբ հաջողվեց ապահովել երթի մասնակիցների անվտանգությունը:
Մենք գտնում ենք, որ տեղի են ունեցել քրեորեն պատժելի արարքներ: Մասնավորապես` ՀՀ Սահմանադրությամբ արգելված խտրականության վրա հիմնված ատելության բացահայտ քարոզչություն, բռնության կոչեր, սպառնալիքներ: Լրատվամիջոցներում եւ երթի մասնակիցների մոտ առկա են բազմաթիվ վիդեոձայնագրություններ եւ այլ ապացույցներ: Իրավապահ մարմիններից պահանջում ենք գտնել հարձակման կազմակերպիչներին եւ մասնակիցներին եւ նրանց պատասխանատվության ենթարկել»:




























