Նյու Յորքի դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին՝ սեքսուալ բռնության մեղադրանքով, հայտնում է The New York Times-ը։
Ըստ մեղադրանքի՝ 2006 թվականին Վայնշտեյնն իր օգնական Միրիամ Հեյլիին հարկադրել է սեքսուալ բնույթի գործողությունների։ Դատախազությունը պահանջում էր նրան ազատազրկել 20 տարով։
Դատարանում 74-ամյա Վայնշտեյնը խնդրել է մեղմ վերաբերվել իրեն․ «Անկեղծորեն ցավում եմ Միրիամ Հեյլիի ապրած ցավի համար, բայց պետք է կրկին պնդեմ, որ անմեղ եմ»։
Սա Վայնշտեյնի առաջին դատավճիռը չէ։ 2020 թվականին նրան մեղավոր էին ճանաչել դերասանուհի Ջեսիկա Մանին բռնաբարելու և Միրիամ Հեյլիի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրելու համար՝ դատապարտելով 23 տարվա ազատազրկման։ Սակայն 2024 թվականի ապրիլին այդ վճիռը բեկանվեց, և գործն ուղարկվեց նոր քննության։
2025 թվականի հունիսին երդվյալ ատենակալները վերահաստատեցին Հեյլիի գործով նրա մեղքը, բայց արդարացրին նախկին մոդել Կայա Սոկոլայի մասով (նրա ներկայացրած մեղադրանքը նույնպես վերաբերում էր 2006 թվականին, սակայն գործին էր կցվել միայն 2024-ին)։
Չնայած 2024-ի դատավճռի չեղարկմանը՝ Վայնշտեյնը շարունակում էր մնալ ճաղերի ետևում․ 2023 թվականին Լոս Անջելեսի դատարանը նրան մեղավոր էր ճանաչել 2013-ին կատարած բռնաբարության և սեքսուալ բռնության ևս երկու դրվագով՝ դատապարտելով 16 տարվա ազատազրկման։




























