Մեզ շատ է անհանգստացնում Հայ Առաքելական եկեղեցու և անձամբ կաթողիկոսի դեմ իրականացվող արշավը։ Այս մասին սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՅԴ Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ, «Հայ Դատի» կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

«Մենք այս ուղղությամբ լուրջ աշխատանք ենք տանում»,- ասել է Տեր-Խաչատուրյանը։

Նա ընդգծել է, որ այդ արշավը որևէ հիմք չունի, և որ խոսքը միայն քաղաքական վրեժխնդրության մասին է։

«Ցավոք, բոլորս գիտենք, որ Հայաստանում ժողովրդավարությունը նահանջում է։ Հատուկ պայքար է մղվում ազգային արժեքների, գաղափարախոսության և մեր ինքնությունը պաշտպանող կազմակերպությունների դեմ։ Իսկ առաջնագծում գտնվում է Հայ Առաքելական եկեղեցին»,- նշել է «Հայ Դատի» կենտրոնական խորհրդի նախագահը։

Միաժամանակ, նա հույս է հայտնել, որ գործը չի հասնի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ի ձերբակալությանը։

«Բայց այս իշխանությունն արդեն անցել է բոլոր կարմիր գծերը»,- արձանագրել է Տեր-Խաչատուրյանը։