Չղջիկների ամենավաղ հայտնի մնացորդները վերաբերում են վաղ էոցենին՝ մոտավորապես 56–52 միլիոն տարի առաջ։ Դրանք հայտնաբերվել են Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Ավստրալիայում։ Այդ ժամանակ կենդանիներն արդեն կարողանում էին թռչել, իսկ որոշներն օժտված էին էխոլոկացիայով։

Այսօր հայտնի է չղջիկների ավելի քան 1500 տեսակ։ Նրանք բնակվում են գրեթե ամբողջ աշխարհում և կազմում են ժամանակակից կաթնասունների բազմազանության ավելի քան հինգերորդ մասը։ Որպեսզի հասկանանք, թե ինչպես են առաջացել թռիչքը և ձայնի միջոցով կողմնորոշվելու նրանց ունակությունը, անհրաժեշտ է վերականգնել այդ կենդանիների ցեղակցական կապերը և պարզել, թե որտեղ էր բնակվում նրանց ամենահին նախահայրը։

Գիտնականների միջազգային խումբը մաթեմատիկական մոդելի օգնությամբ վերլուծել է չղջիկների 103 տեսակների հավաքված գենոմները, ներառյալ 42 վերծանված գենոմ։ Ընտրանքի մեջ ներառվել են չղջիկների բոլոր 21 ճանաչված ընտանիքների ներկայացուցիչները, ինչը հնարավորություն է տվել հետևել նրանց տոհմածառի խոր ճյուղերին։ Հետազոտության արդյունքները հրապարակել է Nature հանդեսը։

Գենետիկական տվյալներին ավելացվել են նաև 65 տեսակների ոսկորների կառուցվածքի և 21 ժամանակակից և 44 բրածո տեսակների այլ անատոմիական առանձնահատկությունների նկարագրությունները։ Սկզբում գիտնականները համեմատել են 699 հատկանիշ, ապա հեռացրել են այն հատկանիշները, որոնք կրկնությունների և միմյանցից կախված լինելու պատճառով կարող էին մոլորեցնել մոդելին, գրդում է Naked Science-ը։ Ստացված տոհմածառը թվագրվել է՝ հաշվի առնելով մնացորդների տարիքը, իսկ վերաբնակեցման հավանական ուղիները գնահատվել են՝ հնագույն մայրցամաքների դիրքի և չղջիկների մեծ տարածություններ հաղթահարելու կարողության ճշգրտմամբ։

Լայնածավալ վերլուծությունը ցույց է տվել, որ պալեոցենի վերջում չղջիկների ընդհանուր նախահայրի բնակության ամենահավանական վայրը Եվրոպան էր։ Ըստ գիտնականների վերակառուցման՝ առաջին չղջիկների ժառանգները տարածվել են դեպի Աֆրիկա, ապա տարբեր գծեր միմյանցից անկախ հասել են Ասիա, Ամերիկա և Ավստրալիա։

Խմբի հիմնական ճյուղերն արագ տարանջատվել են մոտ 56 միլիոն տարի առաջ՝ պալեոցենի վերջի խոշոր տաքացման ժամանակ։ Ընդ որում, յուրաքանչյուր ճյուղի պատմությունն իր առանձնահատկություններն ուներ։ Երկու գլխավոր ժամանակակից գծերից մեկը հետազոտողները կապել են Աֆրիկայում վաղ տարածման հետ։