ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում անցկացվող ՆԱՏՕ-ի համաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:

Թուրքական Turktime-ի փոխանցմամբ` Գյուլ-Օբամա հանդիպման ժամանակ ի թիվս տարածաշրջանային բազմաթիվ խնդիրների, անդրադարձ է կատարվել նաեւ Կիպրոսի եւ Հայկական խնդիրներին: «Այդ հարցերում անհրաժեշտ է առաջընթաց գրանցել»,-ասել է Գյուլը:

Նշվում է, որ 30 րոպե տեւած Գյուլ-Օբամա հանդիպումն անցել է փակ դռների հետեւում, որին թուրքական պատվիրակությունից մասնակցել են նաեւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, Ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը:

Նշենք, որ ավելի վաղ Չիկագոյում Գյուլը հանդիպել եւ շնորհավորել էր Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդին: Նշվել էր, որ այդ հանդիպմանը Հայոց ցեղասպանության հետ կապված ոչինչ չի քննարկվել: