Մեծ Բրիտանիայում հանցավոր խմբի չորս անդամների ընդհանուր առմամբ ավելի քան 71 տարվա ազատազրկման են դատապարտել հարյուրավոր կիլոգրամ կոկաինի և կետամինի ներմուծման սխեմա նախապատրաստելու համար, հայտնել է Sky News-ը։
Ավելի քան 20 մլն ֆունտ սթեռլինգ արժողությամբ կոկաինը նախատեսվում էր թաքցնել Հարավային Ամերիկայից սառեցված ձկան մատակարարումների մեջ։
Իսպանական Ալիկանտեում բնակվող 57-ամյա Սեմյուել Թոկլին և Դուբայից 63-ամյա Նիկոլաս Շիլինգը դատապարտվել են յուրաքանչյուրը 22 տարվա ազատազրկման։ Էսեքսի կոմսության Ուիքֆորդ քաղաքից 51-ամյա Սքոթ Ռիչարդսը դատապարտվել է 14,5, Դագենհեմից 52-ամյա Սքոթ Անվինը՝ 13 տարվա ազատազրկման։
Չորսն էլ մեղավոր են ճանաչվել A դասի թմրանյութ (կոկաին) Մեծ Բրիտանիա ներմուծելու նպատակով դավադրության մեջ։ Ռիչարդսն ու Անվինը նաև դատապարտվել են հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելու նպատակով դավադրության, իսկ Ռիչարդսն ու Թոկլին՝ B դասի թմրանյութերի ներմուծման և տարածման համար։
Հետաքննությունը շարունակվել է մի քանի տարի։ Բրիտանացի դետեկտիվները խմբի անդամների հաղորդագրություններին հասանելիություն են ստացել EncroChat կոդավորված կապի ցանցում։ Նամակագրությունից հետևել է, որ նրանք քննարկել են կոկաինի և կետամինի տեղափոխումը, խոշոր կանխիկ գումարներ և կրիպտոարժույթներ, ինչպես նաև օրինական բիզնեսի և տրանսպորտային երթուղիների օգտագործումը թմրանյութերի առևտուրը քողարկելու համար։
Թոկլին, Անվինը և Շիլինգը ծրագրում էին Հարավային Ամերիկայից ներմուծել մոտ 600 կիլոգրամ կոկաին՝ այն թաքցնելով սառեցված ձկան բեռների մեջ։ Խմբաքանակը ստանալու համար նախատեսվում էր օգտագործել Անվինի օրինական ձկնային բիզնեսը Լոնդոնի Բիլինգսգեյթ շուկայում։
Սխեմայի այս մասը բրիտանացի իրավապահներն անվանել են «Fish Conspiracy»՝ «ձկան դավադրություն»։ Բրիտանական շուկայում 600 կիլոգրամ կոկաինի ենթադրյալ արժեքը գերազանցում էր 20 մլն ֆունտ սթեռլինգը։ Սակայն ներմուծումն իրականացնել չի հաջողվել։
Միևնույն ժամանակ, մասնակիցների նամակագրությունը ցույց է տվել, որ նրանք մշակում էին նաև այլ սխեմաներ՝ կապված հարյուրավոր կիլոգրամ կետամինի ձեռքբերման, վերամշակման և Մեծ Բրիտանիա ներմուծման հետ։ Ենթադրվում էր, որ այնուհետև թմրանյութը դիլերների միջոցով բաշխվելու էր ամբողջ երկրով։
Լոնդոնի ոստիկանության գլխավոր տեսուչ Դին Գրաֆթոնը հայտնել է, որ խումբը գործել է «արդյունաբերական մասշտաբներով»։ Նրա խոսքով՝ մասնակիցները հույս ունեին, որ կոդավորված կապի միջոցները նրանց թույլ կտան թաքցնել թմրանյութերի խոշոր խմբաքանակների, հանցավոր եկամուտների լվացման և հանցագործություններ կատարելու համար օրինական բիզնեսի օգտագործման քննարկումները։
Հետաքննությանը մասնակցել են Լոնդոնի մայրաքաղաքային ոստիկանությունը, Մեծ Բրիտանիայի Ազգային հանցավորության դեմ պայքարի գործակալությունը և այլ երկրների իրավապահ մարմինները։
Կասկածյալներին ձերբակալել են 2023 թվականի օգոստոսին. Ռիչարդսին և Անվինին՝ Էսեքսում, Թոկլիին և Շիլինգին՝ Իսպանիայում։ Ոստիկանությունն առգրավել է կանխիկ գումար, բջջային սարքեր և այլ ակտիվներ, որոնք, ենթադրաբար, կապված են եղել հանցավոր գործունեության հետ։
Մարտին Վուլիջի դատարանում Թոկլին ընդունել է իր մեղքը։ Ռիչարդսը, Անվինը և Շիլինգը մեղավոր են ճանաչվել երդվյալ ատենակալների կողմից՝ մայիսին ավարտված դատավարության արդյունքներով։
Սխեմայի ևս մեկ մասնակից՝ Նիկի Բաուերսը, հունվարին դատապարտվել է 16 տարվա ազատազրկման՝ A դասի թմրանյութերի տարածման նպատակով դավադրության, B դասի թմրանյութերի ներմուծման նպատակով դավադրության և հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխանցման նպատակով դավադրության համար մեղավոր ճանաչվելուց հետո։





























