Ինդրի լեմուրները, որոնք բնակվում են միայն Մադագասկարում, երգելիս օգտագործում են անսովոր հնարք, որը զարմանալիորեն նման է պրոֆեսիոնալ օպերային երգիչների տեխնիկային։ Այս եզրակացությանն են եկել Ուորիքի համալսարանի հետազոտողները՝ ուսումնասիրելով վայրի ինդրիների երգեցողության տեսագրությունները։
Գիտնականները հայտնաբերել են ուղիղ կապ ձայնի բարձրության և կենդանիների բերանի շարժումների միջև. որքան բարձր է նոտան, այնքան լայն է ինդրին բացում բերանը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS Computational Biology ամսագրում։
Ինդրին (Indri indri) լեմուրների՝ գիտությանը հայտնի միակ տեսակն է, որն օգտագործում է բարդ երգեցողություն։ Նրանց երկարաձիգ և մեղեդային վոկալիզացիաները տարածվում են Մադագասկարի արևադարձային անտառներով մեծ հեռավորությունների վրա։ Դրանց օգնությամբ կենդանիները պահպանում են կապը խմբի ներսում, ինչպես նաև զգուշացնում են հարևան խմբերին իրենց ներկայության մասին։
Մարդկանց մոտ պրոֆեսիոնալ երգիչները նույնպես ձայնի բարձրության աճելուն զուգընթաց ավելի լայն են բացում բերանը։ Դա օգնում է ձայնային տրակտի ռեզոնանսը համապատասխանեցնել ձայնի հարմոնիկներին և բարձր նոտաները դարձնել ավելի հզոր։ Այդ մեխանիզմը կոչվում է ֆորմանտների կարգավորում։
Հնարավոր է, որ նմանատիպ սկզբունքը օգնում է ինդրիներին իրենց երգերը խիտ անտառային բուսականության միջով փոխանցել մեծ հեռավորությունների վրա։
Հետազոտողները վերլուծել են 83 տեսագրություն՝ 19 վայրի ինդրիների մասնակցությամբ։ Շարժումների հետևման տեխնոլոգիայի օգնությամբ նրանք կադր առ կադր ֆիքսել են կենդանիների վերին և ստորին շուրթերի դիրքը, ապա համադրել բերանի լայնության փոփոխությունները ձայնի հաճախականության փոփոխությունների հետ։
«Ամեն անգամ, երբ ինդրիի երգում նոտայի բարձրությունը բարձրանում էր, մենք տեսնում էինք, թե ինչպես էր կենդանու բերանը աստիճանաբար ավելի լայն բացվում», — պատմել է հետազոտության համահեղինակ, Ուորիքի համալսարանի գիտաշխատող Կիարա Դե Գրեգորիոն։
Աշխատանքի առաջին հեղինակ, Թուրինի համալսարանի գիտնական Ֆիլիպո Կարուգատիի վկայությամբ, տեխնոլոգիան հետազոտողներին հնարավորություն է տվել ուսումնասիրել ոչ միայն կենդանիների արձակած ձայները, այլև դեմքի և բերանի շարժումները գրեթե կադր առ կադր։
Հատկապես հետաքրքիր է, որ մարդիկ և ինդրիները էվոլյուցիոն ծառի վրա բաժանվել են մոտ 74 միլիոն տարի առաջ։ Այդ պատճառով հայտնաբերված նմանությունը, գիտնականների կարծիքով, ամենայն հավանականությամբ կոնվերգենտ էվոլյուցիայի՝ չկապակցված տեսակների մոտ նման խնդիրներին ի պատասխան նման լուծումների անկախ ձևավորման, օրինակ է։





























