ԱՄՆ Չիկագո քաղաքում անցկացվող ՆԱՏՕ-ի համաժողովին մասնակցող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նորընտիր նախագահի հետ հանդիպումից մանրամասներ է պատմել։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը նշել է, թե Ֆրանսուա Օլանդը եւս դժգոհություն է հայտնել թուրք-ֆրանսիական հարաբերությունների ոչ բավարար մակարդակի համար։ Գյուլն Օլանդին առաջարկել է թուրք-ֆրանսիական հարաբերություններում նոր սպիտակ էջ բացել եւ հետաքրքրվել Ֆրանսիայի՝  Թուրքիայի հանդեպ խիստ վերաբերմունքի պատճառներով։ «Ի՞նչ խնդիրներ ունեք։ Թուրքիայի հետ ի՞նչ շահ ու հակամարտություն ունեք։ Եթե նման բան կա, ասեք»,-նշել  է Գյուլը՝ շեշտելով, որ Օլանդը պատասխանել է, թե նման բան չկա։

Ավելի վաղ նշվել էր, թե Օլանդ-Գյուլ հանդիպման ժամանակ Հայոց ցեղասպանության թեման չի քննարկվել։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը մինչ ընտրությունները հայտարարել էր, որ պայքարելու է, որ Ֆրանսիայում օրենքի ուժ ստանա ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող նախաձեռնությունը։