Lufthansa-ի ուղևորատար ինքնաթիռը, որը թռչում էր Ֆրանկֆուրտից Լիսաբոն, ուղղորդվել է դեպի Ֆրանսիայի Լիոն այն բանից հետո, երբ ուղևորներից մեկի պահուստային մարտկոցը (powerbank) բռնկվել է ինքնաթիռի սրահում։ Այդ մասին ավիաընկերությունը կիրակի հայտնել է գերմանական dpa գործակալությանը։
Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Լիոնում շաբաթ օրը՝ մոտ 22:00-ին։ Մինչ այդ անձնակազմը բռնկված մարտկոցը տեղադրել էր լիթիումային մարտկոցների համար նախատեսված հատուկ պաշտպանիչ փաթեթի մեջ։
Ինքնաթիռում եղել են 198 ուղևոր և անձնակազմի վեց անդամ։ Վայրէջքից հետո բոլոր ուղևորներին գիշերակացի համար տեղավորել են հյուրանոցներում, իսկ հաջորդ օրը նրանց համար ամրագրել են տեղեր դեպի Լիսաբոն մեկնող այլ չվերթներում։
Պահուստային մարտկոցի բռնկումը դարձել է մեկ օրում Ֆրանկֆուրտից մեկնած Lufthansa ավիաընկերության ինքնաթիռների մասնակցությամբ երկրորդ միջադեպը։
Նույն օրը Ֆրանկֆուրտից Տորոնտո ուղևորվող ինքնաթիռը, որի վրա եղել է 371 ուղևոր, ստիպված է եղել շրջվել Շոտլանդիայի վրայով և վայրէջք կատարել Մանչեսթերում։ Պատճառը սրահում զգացված անսովոր հոտն էր։ Lufthansa-ն հայտնել է, որ որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով։
Պահուստային մարտկոցները լայնորեն օգտագործվում են ուղևորների կողմից թռիչքի ընթացքում սմարթֆոնները լիցքավորելու համար, սակայն Lufthansa Group-ի չվերթներում դրանց օգտագործումն արգելված է 2026 թվականի սկզբից։ Բացառություն է արվել հաստատված բժշկական սարքերի համար։
Միևնույն ժամանակ, այդ մարտկոցները, ինչպես նաև էլեկտրոնային ծխախոտները, չի թույլատրվում հանձնել որպես ուղեբեռ, քանի որ լիթիումային մարտկոցների բռնկման վտանգ կա։
Lufthansa Group-ի չվերթներում նաև արգելվում է դրանք տեղադրել նստատեղերի վերևի ուղեբեռի դարակներում։ Մարտկոցը պետք է լինի ուղևորի մոտ, առջևի նստատեղի գրպանում կամ նստատեղի տակ տեղադրված ձեռքի ուղեբեռում։




























