Պեկինը ցանկանում է ածխարդյունաբերության ոլորտում, այդ թվում՝ առաջիկա տարիներին ամերիկյան ածխի մատակարարման ծավալներն ավելացնելու միջոցով, խորացնել Վաշինգտոնի հետ համագործակցությունը, հայտնել է Չինաստանի առևտրի նախարարությունը։
Չինական կողմի հայտարարության համաձայն՝ կայացած առևտրատնտեսական խորհրդակցությունների արդյունքներով Չինաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են ամերիկյան ածխի ներմուծումը ներառել մաքսատուրքերի փոխադարձ նվազեցման ծրագրում։
«Չինաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները համաձայնության են եկել, որ ամերիկյան ածխի ներմուծման չինական մաքսատուրքերը կներառվեն սակագների փոխադարձ նվազեցման շրջանակում՝ «30 միլիարդ դոլարը 30 միլիարդ դոլարի դիմաց» սկզբունքով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նախարարությունից ընդգծել են, որ սա կնպաստի 2027 և 2028 թվականներին ԱՄՆ-ից Չինաստան ածխի ներկրման աճին։
«Հույս ունենք, որ համատեղ ջանքերով ածխի ոլորտում երկկողմ համագործակցությունը կշարունակի խորանալ՝ ապահովելով երկուստեք շահավետ արդյունքներ»,- ավելացրել են գերատեսչությունում։
Ամերիկյան ածխի ներմուծումը, ինչպես նշել է նախարարությունը, կարևոր լրացում կլինի Չինաստանի ներքին շուկայի համար, իսկ ԱՄՆ ածխարդյունաբերությանը կապահովի կայուն եկամուտներով ու աշխատատեղերով՝ նպաստելով երկկողմ առևտրի կայունացմանն ու ընդլայնմանը։
Ավելի վերջերս ընթացող խորհրդակցությունների ընթացքում Չինաստանն ու ԱՄՆ-ն համաձայնել էին փոխադարձաբար նվազեցնել ընդհանուր 30 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների ներմուծման սակագները։ Ընդ որում, յուրաքանչյուր կողմի ապրանքատեսակների շուրջ 90%-ի մաքսատուրքերը կնվազեցվեն մինչև առավել բարենպաստության ռեժիմի դրույքաչափերի մակարդակ։




























