Հարցն այն չէ, թե արդյոք Կառավարությունը կամ պետական ոչ առևտրային կազմակերպությունը կարող է Հայ առաքելական եկեղեցու գործունեության վերաբերյալ զեկույց ներկայացնել, որի հիման վրա կառաջարկվեն այս կամ այն օրենսդրական փոփոխությունները։ Հարցն այն է, թե ինչի մասին է այդ զեկույցը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նրա խոսքով՝ զեկույցում բազմաթիվ քրեական գործեր են հիշատակվում։ Ընդ որում, փաստաթղթի հրապարակման արդյունքում ավելի քան ակնհայտ է դարձել Կառավարության և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի խոցելիությունը։

«Զեկույցը սկսվում է ինչ-որ հոգևորականների անձնական կյանքին վերաբերող տեղեկություններով։ Այդ խոսակցությունների մի մասը հիմնված է սովորական բամբասանքների և մամուլի հրապարակումների վրա։ Օրինակ՝ ինչ-որ անանուն աղբյուր ինչ-որ մեկին մեղադրել է մանկապղծության մեջ։ Ընդ որում, մեղադրյալի անունն ու ազգանունը հստակ նշված են»,- պարզաբանել է Դանիելյանը։

Սակայն զեկույցն այսքանով չի սահմանափակվում։ Դրանում հիշատակվում են նաև այն անձինք, որոնց իշխանությունները մեղադրում են ոչ ավանդական սեռական կողմնորոշման մեջ, ինչպես նաև հրապարակվում են նրանց «զոհերի» տվյալները։

Այսինքն, ինչպես նշել է փորձագետը, Հայաստանի Կառավարությունը փաստացի մեղադրանքներ է հնչեցրել կոնկրետ անձանց հասցեին՝ հրապարակելով նրանց, ինչպես նաև նրանց «զոհերի» անձնական տվյալները՝ հիմնվելով դատական գնահատականներից կամ վճիռներից ցուրկ ինչ-որ չստուգված փաստերի և բամբասանքների վրա։

Այս կապակցությամբ Դանիելյանը պնդել է, որ անհրաժեշտ է քրեական գործեր հարուցել։

«Անկախ դատարանի վճռից և նրանից, թե ով ում է բռնաբարել 30 տարի առաջ (ինչը գործնականում անհնար է ապացուցել), Հայաստանի Կառավարությունը, փաստացի, խախտել է գործող Քրեական օրենսգիրքը, ինչպես նաև էթիկայի բոլոր հնարավոր կանոններն ու սկզբունքները։ Այս ամենը գործող իշխանության վարքագիծն ու ձեռագիրն է»,- ընդգծել է քաղաքագետը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով հրապարակել էր «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու փաստացի ղեկավարի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա հանգուցալուծման ուղիների մասին» վերնագրով 74 էջանոց զեկույցը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն այն գնահատել է որպես հակասահմանադրական և հակաիրավական փաստաթուղթ։