ԵԱՀԿ ԽՎ պատգամավոր Ռիկարդո Կովալյեն հայտարարել է, որ հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են բարդ քաղաքական և աշխարհաքաղաքական համատեքստում՝ մատնանշելով պետական կառավարման, ինստիտուտների նկատմամբ վստահության, ԶԼՄ-ների ազատության և բազմակարծության, ինստիտուտների անկախության ու ժողովրդավարության պաշտպանության ոլորտներում առկա խնդիրները։

Անդրադառնալով դիտորդական առաքելության արդյունքներին՝ Կովալյեն նշել է, որ ընտրությունները մեծ նշանակություն ունեին Հայաստանի ապագայի համար, քանի որ դրանք ընթանում էին երկրի խորը քաղաքական ու աշխարհաքաղաքական վերափոխումների և արտաքին քաղաքական կապերի վերանայման ֆոնին։

«Այս ընտրություններն անցան շատ բարդ համատեքստում»,- հայտարարել է նա՝ մատնանշելով տարածաշրջանային զգալի լարվածությունը, երկրի ու նրա արտաքին հարաբերությունների բարեփոխումները, ինչպես նաև ուղղակի արտաքին ճնշումն ու միջամտությունը (մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից)։

Կովալյեի խոսքով՝ խոսքը ոչ միայն քաղաքական ճնշման, այլև ազդեցության տնտեսական և տեղեկատվական գործիքների մասին է։

«[Այդ միջամտությունն իրականացվում է] տնտեսական ճնշումների, առևտրային սահմանափակումների, էներգետիկ սպառնալիքների և տեղեկատվական գործողությունների միջոցով, որոնք նպատակաուղղված կերպով ազդում են ընտրությունների վրա»,- ասել է ԵԱՀԿ ԽՎ պատգամավորը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ, չնայած ստեղծված իրավիճակին, Հայաստանի քաղաքացիները հնարավորություն են ունեցել ընտրություն կատարել տարբեր քաղաքական այլընտրանքների միջև և մասնակցել են ընտրական գործընթացին։

Այնուամենայնիվ, ըստ Կովալյեի, խնդիրները դեռևս պահպանվում են։ Նա առանձին թվարկել է այն ուղղությունները, որոնց շուրջ Հայաստանը դեռ պետք է շարունակի աշխատանքը։

«Բնականաբար, մարտահրավերները մնում են։ Պետական կառավարման, ինստիտուտների նկատմամբ վստահության, ԶԼՄ-ների ազատության և բազմակարծության բարելավումը, ինստիտուտների անկախությունն ու ժողովրդավարության պաշտպանությունը՝ այս ամենը տևական աշխատանք է պահանջում»,- հայտարարել է նա։

Կովալյեն ընդգծել է, որ այս հարցերը պետք է մնան Եվրոպայի խորհրդի ուշադրության կենտրոնում, որը, նրա խոսքով, պետք է պատրաստ լինի աջակցել Հայաստանին բարեփոխումների հետագա իրականացման գործում։

ԵԱՀԿ ԽՎ պատգամավորն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել Հայաստանի եվրոպական վեկտորի վրա։ Նրա համոզմամբ՝ ընտրությունների արդյունքները վկայում են հայ ժողովրդի կողմից եվրոպամետ ուղու ընտրության, ինչպես նաև արտաքին զգալի ճնշման պայմաններում երկրի ժողովրդավարական դիմակայունության մասին։

Ընդ որում, Կովալյեն հատուկ ընդգծել է, որ Հայաստանի եվրոպական ընտրությունը չպետք է ընկալվի որպես դրսից պարտադրված որոշում։

«Հայաստանի շրջադարձը դեպի Եվրոպա չպետք է դիտարկվի որպես դրսից թելադրված ընտրություն։ Այն պետք է բխի երկրի քաղաքացիների քաղաքական կամքից և ժողովրդավարության, մարդու իրավունքների ու օրենքի գերակայության հանդեպ պետության ստանձնած հանձնառությունից»,- հայտարարել է նա։

Կովալյեն նաև մատնանշել է Եվրոպայի խորհրդի դերն այս գործընթացում։ Նրա խոսքով՝ եվրոպական կառույցների խնդիրը ոչ թե Հայաստանի ապագան որոշելն է, այլ նպաստելը, որպեսզի Հայաստանի քաղաքացիները կարողանան ինքնուրույն և ազատ որոշումներ կայացնել իրենց երկրի ապագայի վերաբերյալ։

«Սա Հայաստանի ապագան մեր կողմից ընտրելու համար չէ։ Մեր դերը հայերին օգնելն է՝ ազատորեն ընտրել իրենց սեփական ապագան»,- ասել է նա։

ԵԱՀԿ ԽՎ պատգամավորը նշել է, որ ընտրությունների ժամանակահատվածում գտնվել է անմիջապես Հայաստանում և հնարավորություն է ունեցել տեղում հետևել գործընթացին։

Եզրափակելով իր խոսքը՝ Կովալյեն Հայաստանի ժողովրդավարական զարգացումը կապել է պետության ինքնիշխանության և Եվրոպայի հետ հարաբերությունների հետ։

«Ավելի ժողովրդավարական, ավելի ինքնիշխան Հայաստանը, որն առավել մոտ է Եվրոպային, նպաստում է նաև Եվրոպայի անվտանգությանն ու տարածաշրջանի կայունությանը»,- հայտարարել է նա։