Եվրամիությունը մինչև 2028 թվականի նոյեմբեր երկարաձգել է Ուկրաինայում իր ռազմաուսումնական առաքելության (EUMAM UA) մանդատը և հայտարարել զինվորների պատրաստումն արագացնելու նպատակով երկու ուսումնական կենտրոն վերականգնելու մտադրության մասին։ Այս մասին ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
«ԵՄ երկրները համաձայնել են սկսել Ուկրաինայի ռազմաուսումնական առաքելության փորձի ուսումնասիրման առաջին փուլը և երկու տարով երկարաձգել են դրա մանդատը»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ դա ենթադրում է նաև Կիևում «մարտական գործողությունների փորձի ուսումնասիրման և նոր զինվորների վերապատրաստման ժամանակ դրա կիրառման կոորդինացիոն կենտրոնի» ստեղծում։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ ԵՄ-ն մտադիր է արագացված ռեժիմով վերականգնել Ուկրաինայի տարածքում գտնվող երկու ուսումնական կենտրոնները, որպեսզի արագացնի նոր զինվորների պատրաստումը։ Այս նպատակով ֆինանսական միջոցներ են հատկացրել Գերմանիան, Նիդեռլանդները, Դանիան, Իրլանդիան և Լյուքսեմբուրգը։





























