ԵՄ-ն մշակում է առաջարկներ, որոնք նախատեսում են անդամակցության հստակ փուլային ճանապարհ չորս երկրների համար, որոնք ամենամոտն են միավորմանը միանալուն, մինչդեռ մնացած թեկնածուներն առայժմ հետ կմնան, գրում է POLITICO-ն։
Եվրահանձնաժողովի երկու բարձրաստիճան ներկայացուցիչներ, որոնք մասնակցում են համապատասխան առաջարկների պատրաստմանը, անանունության պայմանով պարբերականինհայտնել են, որ Չեռնոգորիայի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ալբանիայի համար դիտարկվում է հատուկ «ճանապարհային քարտեզներ» մշակելու հնարավորությունը։ Նրանց պատմելով՝ այդ քայլը բազմամյա անդամակցության գործընթացն արագացնելու ջանքերի մի մասն է։
Այս չորս երկրները համարվում են ԵՄ-ին անդամակցելու թեկնածուների առաջատարները, սակայն նրանց առաջընթացը դեռևս դանդաղ է ընթանում, իսկ հնարավոր պաշտոնական ընդունման ժամկետները դեռևս անորոշ են։
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներից մեկի գնահատմամբ՝ ճանապարհային քարտեզները հնարավորություն կընձեռեն ավելի հստակ սահմանել յուրաքանչյուր թեկնածու երկրի պահանջները, ինչպես նաև պարտավորություններ կստեղծեն ԵՄ գործող անդամների համար, որոնք պետք է հավանություն տան գործընթացի հետագա առաջխաղացմանը։ Բացի դրանից, փաստաթղթերում կնշվեն բարեփոխումների առանձին խմբերի ավարտման մոտավոր ժամկետները, որոնք հայտնի են որպես բանակցային «կլաստերներ»։ Դրանց իրականացումը կարևոր փուլ է անդամակցության ճանապարհին։
Միաժամանակ այլ թեկնածուներ, որոնք գտնվում են բանակցային գործընթացի ավելի վաղ փուլերում՝ Կոսովոն, Հյուսիսային Մակեդոնիան և Բոսնիա և Հերցեգովինան, առայժմ նման ճանապարհային քարտեզներ չեն ստանա։ Նույնը վերաբերում է նաև Վրաստանին, Թուրքիային և Սերբիային, որոնց դիմումները փաստացի կանգ են առել ժողովրդավարության և դատական համակարգի վիճակի վերաբերյալ մտահոգությունների ֆոնին։
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հաստատել է, որ նոր ճանապարհային քարտեզները «կապահովեն անդամակցության բանակցությունների ավարտի ճանապարհը»։ Նա հավելել է, որ դրանցում առաջնահերթությունների հստակ ցանկ կսահմանվի, ներառյալ ժամկետներն ու կոնկրետ առաջադրանքները, որոնք առավել առաջադեմ թեկնածուներին կօգնեն իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները։
Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում լարվածության, Չինաստանի ոչ բարեկամական գործողությունների և Ռուսաստանի սպառնալիքների ֆոնին ԵՄ առաջնորդներն ավելի ու ավելի հաճախ ուշադրություն են դարձնում այլ ժողովրդավարական երկրներին, որոնք կողմնորոշված են դեպի ազատ առևտուր, հատկապես Եվրամիությանը հարակից տարածաշրջաններում։
Եվրոպացի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ անդամակցության չափազանց երկար գործընթացը կարող է հանգեցնել թեկնածու երկրների հիասթափությանը կամ ուժեղացնել նրանց աշխարհաքաղաքական մրցակիցների ճնշումը, որոնք շահագրգռված են եվրոպական ինտեգրումից հրաժարվելու հարցում։
ԵՄ ներկայացուցիչների կարծիքով՝ թեկնածուներին անհրաժեշտ է առաջարկել միավորման մեջ «աստիճանական ինտեգրման» ավելի արդյունավետ մեխանիզմ, որը որպես բարեփոխումներ իրականացնելու խթան նախատեսում է տնտեսական առավելություններ և հասանելիություն համատեղ նախագծերին։
Քաղաքականության այս վերանայումը, որը համակարգում է ֆոն դեր Լյայենի խորհրդական Ալեքսանդր Ադամը, պետք է ներկայացվի ԵՄ ղեկավարությանը հոկտեմբերի 6-ին։ Դրա նպատակն է պահպանել թեկնածու երկրների հետաքրքրվածությունը անդամակցության ուղղությամբ հետագա առաջխաղացման նկատմամբ, մինչ շարունակվում է նրանց դիմումների քննարկման գործընթացը։
Քաղաքականության վերանայման շրջանակում ֆոն դեր Լյայենը և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը միաժամանակ կառաջարկեն փոխել ԵՄ ներքին մեխանիզմները՝ երաշխավորելու համար այնպիսի միջոցների առկայությունը, որոնք նոր անդամներին թույլ չեն տա խախտել միավորման հիմնական կանոններն ու քաղաքականությունը կամ հրաժարվել իրենց ստանձնած պարտավորություններից։
Հնարավոր միջոցների թվում քննարկվում են արտակարգ դրույթներ և անցումային ժամանակահատվածներ, որոնց ընթացքում ԵՄ անդամներին տրվող որոշ իրավունքներ կգործեն ոչ ամբողջ ծավալով։
Ըստ փաստաթղթի նախագծի՝ փոփոխությունները Եվրամիությանը հնարավորություն կտան ավելի շատ անդամներ ընդունել՝ գործող ԵՄ պայմանագրերի շրջանակում հիմնականում կետային ճշգրտումների հաշվին։ Հեղինակների կարծիքով՝ ընդլայնմանը նախապատրաստվելու համար միավորման հիմնարար պայմանագրերը փոխելու անհրաժեշտություն չի լինի։
ԵՄ երկրների առաջնորդները Բրյուսելում հոկտեմբերի 15-ին անցկացվելիք երկօրյա գագաթնաժողովում կքննարկեն, թե ինչ կերպ և որքան արագ պետք է ընդունել նոր անդամներին։ Եվրահանձնաժողովը մտադիր է գործընթացն արագացնելու համար ստանալ անդամ պետությունների քաղաքական աջակցությունը։
Այս շաբաթ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կմեկնի Արևմտյան Բալկանների երկրներ՝ Չեռնոգորիայի, Ալբանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Կոսովոյի ղեկավարների հետ բանակցությունների համար։ Նա չի այցելի Բոսնիա և Հերցեգովինա, ինչպես նաև Սերբիա, քանի որ երկու երկրներում էլ այժմ ազգային ընտրություններ են անցկացվում։





























