Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել վերադարձի իրավունքի և ապագաղութացման հարցերին նվիրված համաժողով, որը կազմակերպվել էր Բաքվի նախաձեռնող խմբի կողմից։
Քննարկման թեմաներից մեկը եղել է «արևմտյան ադրբեջանցիների վերադարձը իրենց նախկին բնակության վայրեր՝ ներկայիս Հայաստանի տարածքում», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Համաժողովին մասնակցել են Նոր Կալեդոնիայի, Կորսիկայի, Սեն-Մարտենի, Կարիբյան ավազանի երկրների և Աֆրիկայի ներկայացուցիչներ, սիքհական համայնքի ներկայացուցիչներ, նախկին պետական պաշտոնյաներ, փորձագետներ, ինչպես նաև քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Միջոցառման արդյունքներով Բաքվի նախաձեռնող խումբը և համաժողովի մասնակիցները դիմում են ընդունել՝ ուղղված ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներին։ Փաստաթղթում կոչ է արվում «նպաստել պայմանների ստեղծմանը Արևմտյան Ադրբեջանի հետ կապված մարդկանց անվտանգ, կամավոր, արժանապատիվ և կայուն վերադարձի համար, ինչպես նաև ապահովել Հայաստանի տարածքում ադրբեջանական մշակութային, կրոնական և պատմական ժառանգության պաշտպանությունը»։
Միջոցառման ավարտին համաժողովի մասնակիցները լուռ ակցիա են անցկացրել։ Ակցիայի ընթացքում բարձրացվել են պաստառներ՝ հետևյալ կարգախոսներով․ «Արևմտյան Ադրբեջան. վերադարձը բարեգործություն չէ, այլ իրավունք», «Արդարությունը սկսվում է վերադարձի իրավունքից», «Առանց վերադարձի ապագաղութացումն ավարտված չէ», «Վերջ դնել գաղութատիրությանը, վերականգնել պատմական արդարությունը» և «Ինքնորոշումը ապագաղութացման ճանապարհն է»։





























