Հարավային Կովկասը բավականին բարդ լոգիստիկ հանգույց է, որտեղ Հայաստանը տևական ժամանակ ընկալվում էր ավելի շուտ որպես ծայրամասային գոտի։ Սակայն այսօր իրավիճակը փոխվում է, և տրանսպորտային ու լոգիստիկ հնարավորությունների տեսանկյունից Հայաստանի նշանակությունն էապես մեծանում է։ Այս մասին հայտարարել է Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Վալենտինա Կոմլևան՝ բացելով «Հարավային Կովկասի տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային փորձագիտական համաժողովը։

Նրա խոսքով՝ Հայաստանի դերի փոփոխությունը պայմանավորված է, մասնավորապես, տրանսպորտային ու լոգիստիկ կապերի ոլորտում մի շարք այլընտրանքային և միաժամանակ փոխլրացնող առաջարկների ի հայտ գալով։

«Ներկայումս, մի շարք այլընտրանքային կամ փոխլրացնող առաջարկների շնորհիվ, այս հարցում Հայաստանի արժեքն էապես բարձրանում է», — նշել է Կոմլևան։

Նա ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները, բնականաբար, դիտարկում են երկրի լոգիստիկ ներուժի իրացման տարբեր տարբերակներ՝ գնահատելով ձևավորվող տրանսպորտային երթուղիներում և տարածաշրջանային լոգիստիկ ծրագրերում ներառվելու հնարավորությունները։

Միևնույն ժամանակ, Կոմլևան առանձնահատուկ անդրադարձել է հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ նշելով, որ այն ինքնին դրական նախաձեռնություն է, սակայն դրա գործնական իրագործումը, ըստ նրա, պետք է հիմնված լինի իրավահավասարության և հավասարակշռվածության սկզբունքների վրա։

««Խաղաղության խաչմերուկն» իսկապես դրական նախաձեռնություն է, եթե դրա շրջանակներում համաչափ, հավասարակշռված, արդարացի ու հավասար պայմաններով ներկայացված լինեն բոլոր շահագրգիռ կողմերը և իրագործվեն առաջարկվող բոլոր երթուղիները», — հայտարարել է նա։

Ինստիտուտի փոխտնօրենի խոսքով՝ կարևոր պայման է նաև այն, որ այս նախաձեռնությունն իսկապես արտացոլի Հայաստանի տրանսպորտային և լոգիստիկ զարգացման բազմավեկտորությունը և չվերածվի առավելապես մեկ ուղղության վրա կենտրոնացած նախագծի։

Բացի այդ, ընդգծել է Կոմլևան, անհրաժեշտ է, որ տրանսպորտային կապերի զարգացումը հաշվի առնի տարբեր մասնակիցների իրական շահերը և ապահովի մի քանի ուղղություններով փոխգործակցության հնարավորություն։

«Նախաձեռնությունը պետք է արտացոլի երկրի տարածքում առկա իրական բազմավեկտորությունը, այլ ոչ թե շեղվի դեպի որևէ միավեկտոր ուղղություն», — ասել է նա։

Կոմլևան նշել է, որ հենց Հարավային Կովկասի տրանսպորտային ու լոգիստիկ զարգացման հեռանկարներին առնչվող հարցերն են դարձել միջազգային փորձագիտական համաժողովի քննարկման առարկան։ Բանավեճին մասնակցելու համար հրավիրվել են տարբեր ոլորտների մասնագետներ, այդ թվում՝ փորձագետներ, տնտեսագետներ, սոցիոլոգներ, քաղաքագետներ և պատմաբաններ։

Նրա խոսքով՝ մասնակիցների լայն կազմն անհրաժեշտ է ընթացող գործընթացները տարբեր տեսանկյուններից դիտարկելու և յուրաքանչյուր փորձագետի՝ իր դիրքորոշումը ներկայացնելու հնարավորություն ընձեռելու համար։

«Այս հարցերը քննարկելու համար մենք համախմբել ենք փորձագետների, տնտեսագետների, սոցիոլոգների, քաղաքագետների և պատմաբանների, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա արտահայտել իր տեսակետը», — պարզաբանել է նա։

Նա ընդգծել է, որ առանցքային հարցերից մեկն այն բանի ընկալումն է, թե ինչ հստակ առավելություններ կարող է ստանալ Հայաստանը տրանսպորտային ու լոգիստիկ համագործակցության զարգացման արդյունքում, և որքանով է նման փոխգործակցությունն ունակ օգուտ բերել ողջ Հարավային Կովկասին։

«Կարևոր է հասկանալ, թե որոնք են նման լոգիստիկ համագործակցության դրական կողմերը Հայաստանի և ընդհանուր առմամբ Հարավային Կովկասի համար», — ասել է Կոմլևան։

Նրա խոսքով՝ միաժամանակ անհրաժեշտ է պատասխանել այն հարցին, թե արդյոք Հարավային Կովկասի երկրներն իրենք, ինչպես նաև տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային խաղացողները կկարողանա՞ն փոխգործակցությունն այնպես կառուցել, որպեսզի այդ համագործակցության արդյունքները փոխշահավետ լինեն։

«Կկարողանա՞ն արդյոք Հարավային Կովկասի երկրները, տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային դերակատարները միմյանց հետ պայմանավորվել այնպես, որ շահեն թե՛ իրենք, թե՛ ողջ Հարավային Կովկասը», — նշել է նա։

Այս համատեքստում Կոմլևան ուշադրություն է հրավիրել նաև տարածաշրջանի շուրջ ստեղծված բարդ քաղաքական իրավիճակի վրա։ Նա հարց է բարձրացրել, թե որքանով է իրատեսական լայնածավալ տրանսպորտային ու լոգիստիկ համագործակցության կառուցումը՝ Հայաստանում և ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում սեփական շահերն ունեցող ուժային տարբեր կենտրոնների միջև պահպանվող լուրջ լարվածության և հակամարտությունների պայմաններում։

Նրա խոսքով՝ խոսքը մասնավորապես վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, Թուրքիային, Իրանին, ինչպես նաև արևմտյան դերակատարներին՝ Եվրոպական միությանը, ԱՄՆ-ին և այլ պետությունների ու կառույցների։

«Հնարավո՞ր է արդյոք նման համագործակցություն Հայաստանում իրենց շահերն ունեցող ուժային տարբեր կենտրոնների միջև առկա լուրջ լարվածության ու հակամարտությունների պայմաններում», — հարցադրում է արել Կոմլևան։

Նա նշել է, որ տարածաշրջանային ու ոչ տարածաշրջանային խաղացողների կողմից տարբեր շահերի և մրցակցային մոտեցումների առկայությունը Հարավային Կովկասի տրանսպորտային ու լոգիստիկ փոխկապակցվածության հարցերը դարձնում է հատկապես բարդ և միաժամանակ կարևոր՝ քննարկման համար։

Կոմլևայի խոսքով՝ հենց այդ պատճառով համաժողովի կազմակերպիչները փորձագետներին առաջարկել են չսահմանափակվել բացառապես տնտեսական բաղադրիչի դիտարկմամբ, այլ քննարկել այն գործոնների ողջ համալիրը, որոնք կարող են ազդել տարածաշրջանում տրանսպորտային ու լոգիստիկ նախագծերի իրագործման վրա։

«Հենց այս հարցերը քննարկելու նպատակով ենք մենք զրույցի հրավիրել փորձագետներին», — ասել է նա։

Կոմլևան նաև հայտնել է, որ քննարկումների արդյունքներով նախատեսվում է պատրաստել փորձագիտական եզրակացություն։ Ակնկալվում է, որ քննարկման ավարտից հետո մասնակիցների հիմնական հետևություններն ու դիրքորոշումները կամփոփվեն համապատասխան փաստաթղթում։

«Որպես քննարկման արդյունք՝ սպասվում է ունենալ փորձագիտական եզրակացություն, որը, մասնակիցների համաձայնությամբ, կուղարկվի նրանց ուսումնասիրությանը, իսկ այնուհետև կարող է հրապարակվել որպես այս գործընթացի վերաբերյալ համատեղ փորձագիտական տեսլական», — տեղեկացրել է նա։

Այսպիսով, համաժողովի կազմակերպիչներն ակնկալում են ոչ միայն քննարկել Հարավային Կովկասի տրանսպորտալոգիստիկ կապերի զարգացման առկա հնարավորություններն ու խնդիրները, այլև ձևավորել ընդհանուր փորձագիտական պատկերացում այս գործընթացի հեռանկարների, դրա հնարավոր առավելությունների, ռիսկերի և իրագործման պայմանների վերաբերյալ։

Նշենք, որ «Հարավային Կովկասի տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային փորձագիտական համաժողովը Ռուսաստանի Դաշնության Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի և Արևելագիտության ինստիտուտի Հայ-ռուսական հարաբերությունների հետազոտման կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է։