ԱՄՆ Յուտա նահանգի դատարանը որոշել է գրավով ազատ արձակել 71-ամյա Դուգլաս Ստյուարտ Քարթերին, որը 41 տարի անցկացրել է ճաղերի հետևում, այդ թվում՝ տասնամյակներ մահապատժի դատապարտյալների խցում, հայտնում է CBS News-ը։

Որոշումն ընդունվել է, երբ ԴՆԹ-ի նոր վերլուծությունը Քարթերի գենետիկական նյութի հետ համընկնում չի հայտնաբերել։

Քարթերը մահապատժի էր դատապարտվել 1985 թվականին՝ Եվա Օլեսենի սպանության համար, որը Պրովո քաղաքի այն ժամանակվա ոստիկանապետի ազգականն էր։ Կինը հրազենային վիրավորում էր ստացել և դանակահարվել էր կողոպուտի ժամանակ։

Ֆիզիկական ապացույցներ, որոնք ուղղակիորեն Քարթերին կկապեին հանցագործության վայրի հետ, չեն հայտնաբերվել։ Երդվյալ ատենակալները նրան մեղավոր են ճանաչել հիմնականում ստորագրված խոստովանության և երկու վկաների ցուցմունքների հիման վրա, որոնք պնդել էին, թե Քարթերը պարծեցել է սպանությամբ։ Ավելի ուշ երկու վկաներն էլ հրաժարվել են իրենց նախնական ցուցմունքներից։

Քարթերն այս բոլոր տարիներին պնդել է իր անմեղությունը և հայտարարել, որ խոստովանությունը կորզվել է ոստիկանության ճնշման տակ։

Գործում նոր շրջադարձ տեղի ունեցավ այն իրավիճակից հետո, երբ Յուտայի Գերագույն դատարանն անցյալ տարի նոր դատավարություն նշանակեց՝ վկայակոչելով քննիչների և դատախազներից մեկի թույլ տված բազմաթիվ միտումնավոր խախտումները։

Սեպտեմբերին Յուտա շրջանի դատախազությունը ստացել է նյութական ապացույցների նոր վերլուծության արդյունքները։ Դռան բռնակից հայտնաբերված ԴՆԹ-ն, ինչպես նաև այն դանակի բռնակից վերցված գենետիկական նյութը, որով սպանվել էր Օլեսենը, Քարթերի ԴՆԹ-ին չէին համապատասխանում։

Դատավոր Դերեկ Պուլանը հայտարարել է, որ նոր արդյունքներն ավելի են թուլացնում Քարթերի դեմ առաջադրված մեղադրանքը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ չի կարելի բացառել մի իրավիճակ, երբ ողջամիտ երդվյալ ատենակալները, այնուամենայնիվ, Քարթերին մեղավոր կհամարեին։

Ազատ արձակման պայման է դարձել էլեկտրոնային GPS-թևնոցը։ Քարթերին նաև արգելվել է կապ հաստատել զոհվածի հարազատների հետ։

Նրա փաստաբան Նիլ Հեմիլթոնը հայտնել է, որ ազատ արձակվելուց հետո Քարթերը կապրի իր որդու ընտանիքի մոտակայքում։ Տղամարդը նաև հոգեբանական օգնություն կստանա տասնամյակների ազատազրկումից հետո։

Քարթերը, որը ծնունդով Չիկագոյից է, ապրում էր մոր հետ Յուտայում, երբ 1985 թվականի փետրվարի 27-ին սպանվեց Օլեսենը։ Քննությունը ենթադրել էր, որ հանցագործությունը տեղի է ունեցել կողոպուտի ժամանակ։

Մի քանի ամիս անց Քարթերին ձերբակալել են Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում։ Ըստ դատական փաստաթղթերի՝ Պրովոյի ոստիկանությունում հարցաքննության ժամանակ նա խոստովանություն է ստորագրել։ Ավելի ուշ Քարթերը պնդել է, որ սուտ խոստովանել է ոստիկանների կրկնվող սպառնալիքներից հետո։

Փաստաբանի պատմելով՝ Քարթերին երկու օր պահել են նրա ընկերոջ հետ միասին, որին նույնպես ձերբակալել էին։ Պաշտպանությունը պնդում է, որ Քարթերը համաձայնել է խոստովանել՝ փորձելով փրկել ընկերոջը։

1985 թվականի առաջին դատավճռից հետո Քարթերը 1992 թվականի կրկնակի դատավարությունից հետո կրկին դատապարտվել է մահապատժի։ Հետագա տարիներին Յուտայի դատարանները մերժել են նրա բազմաթիվ բողոքարկումները։

Կարևոր բեկումը տեղի ունեցավ 2011 թվականին, երբ Մեքսիկայում գտնվեցին երկու առանցքային վկաներ։ Նրանք հայտարարեցին, որ սկզբնական դատավարության ընթացքում ստել են ոստիկանության ցուցումով և իրավապահներից գումար ու նվերներ են ստացել։ Նրանց պատմելով՝ ոստիկանները նաև սպառնացել են իրենց և իրենց որդուն արտաքսմամբ, եթե նրանք չմեղադրեն Քարթերին։

Ավելի քան մեկ տասնամյակ տևած դատական քաշքշուկից հետո Յուտայի Գերագույն դատարանն անցյալ տարի որոշեց անցկացնել նոր դատավարություն՝ նշելով ոստիկանության և դատախազի կողմից թույլ տրված «միտումնավոր բազմաթիվ խախտումները»։

Քարթերի պաշտպանությունը պնդել է նաև, որ վկաները տեսել են սպիտակամորթ մի տղամարդու, որը փախչում էր հանցագործության վայրից, իսկ քննիչը թաքցրել է տեղեկություններ, որոնք մատնանշում էին այլ հնարավոր կասկածյալների։ Նրանց թվում նշվել է զոհվածի ամուսին Օռլա Օլեսենը, որը ոստիկանությանը հայտնել էր, որ իր կնոջը գտել է մահացած իրենց տանը՝ ձեռքերը մեջքի հետևում կապված։

Դատախազները դեռ չեն հայտնել՝ արդյո՞ք ԴՆԹ-ի նոր արդյունքները կօգտագործեն այլ մարդկանց որոնելու համար, որոնց գենետիկական նյութը կարող էր համընկնել հայտնաբերված նմուշների հետ։

Եվա Օլեսենի հարազատները հանդես են եկել Քարթերի ազատ արձակման դեմ։ Նրա հարսը՝ Թերեզա Օլեսենը, նիստում հայտարարել է, որ ընտանիքը հույս ուներ ստանալ ԴՆԹ-ի միանշանակ համընկնում։

«Դա չի նշանակում, որ նա այնտեղ չի եղել»,- ասել է նա՝ ընդգծելով, որ, իր կարծիքով, քննությունը պետք է շարունակվի։

Քարթերի նոր դատավարությունը նախկինում նախատեսվում էր անցկացնել 2027 թվականին, սակայն անցյալ շաբաթ Յուտա շրջանի դատախազությունը հրաժարվել է նրա համար կրկին մահապատիժ պահանջելու մտադրությունից։