Արգենտինան երկշաբաթյա վերջնագիր է ներկայացրել Մեծ Բրիտանիային՝ պահանջելով թույլ չտալ Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիների մոտ իրականացվող նավթի արդյունահանումը։ Այս մասին սեպտեմբերի 29-ին հայտնել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի պաշտոնական կայքը։

«Արգենտինայի Հանրապետությունը պաշտոնապես պահանջել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից երկու շաբաթվա ընթացքում ձեռնարկել անհրաժեշտ միջոցները՝ արգենտինական մայրցամաքային ելուստում ածխաջրածնային ռեսուրսների մշակմանն ուղղված գործունեության մեկնարկը կամ շարունակումը կանխելու համար», — ասվում է հայտարարության մեջ։

Բրիտանիայի կողմից պահանջը չկատարվելու դեպքում Արգենտինայի իշխանությունները մտադիր են դիմել Ծովային իրավունքի միջազգային տրիբունալ։

Նախագահի մամուլի ծառայությունում ընդգծել են, որ Ֆոլկլենդյան կղզիներին բրիտանական անդրծովյան տարածքի կարգավիճակ տալը միջազգայնորեն ճանաչված չէ, և Արգենտինան ձեռքերը ծալած չի նստի ու կշարունակի «վճռականորեն պաշտպանել իր ինքնիշխան իրավունքները՝ օգտագործելով ազգային և միջազգային իրավունքով սահմանված բոլոր դիվանագիտական, վարչական ու իրավական գործիքները»։