Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումն այսօր պայմանավորված է նախևառաջ քաղաքական գործոններով, այլ ոչ թե տնտեսական նպատակահարմարությամբ։ Նման պայմաններում «Հյուսիս-Հարավ» և TRIPP նախագծերը տարածաշրջանային լոգիստիկայի երկու տարբեր մոդելներ են, որոնք ներկա փուլում դժվար է համատեղել։ Այս մասին հայտարարել է «Իրավունք» մեդիահոլդինգի ղեկավար Հայկ Բաբուխանյանը՝ ելույթ ունենալով «Հարավային Կովկասի տրանսպորտալոգիստիկ կապերի զարգացման հեռանկարները» միջազգային փորձագիտական համաժողովում։

Նրա խոսքով՝ եթե հարցը դիտարկենք Հայաստանի շահերի տեսանկյունից, ապա «Հյուսիս-Հարավ» երթուղին առավել բարենպաստ տարբերակ է։ Միևնույն ժամանակ, TRIPP-ն իր ներկայիս ձևաչափով Բաբուխանյանը խիստ բացասական է գնահատում Հայաստանի համար։

Ընդ որում, ըստ նրա, հյուսիսային ուղղությունն ունի լուրջ սահմանափակում՝ Աբխազիայով լիարժեք երկաթուղային հաղորդակցության բացակայությունը։ Բաբուխանյանը գտնում է, որ տնտեսական տեսանկյունից այդ երկաթուղու վերականգնումն ակնհայտորեն նպատակահարմար է, սակայն դրա համար անհրաժեշտ քաղաքական պայմաններն առայժմ բացակայում են։

«Այս տարբերակները որոշում է ոչ թե տնտեսությունը, այլ քաղաքականությունը»,- նշել է նա։

Բաբուխանյանի խոսքով՝ Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության վերականգնմամբ այսօր շահագրգռված են նախևառաջ Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը։ Սակայն, ինչպես կարծում է «Իրավունքի» ղեկավարը, նույնիսկ այս պետությունների համատեղ տնտեսական շահը բավարար չէ վրաց-աբխազական խնդիրը լուծելու համար։

Ընդ որում, նա նշել է, որ երկաթուղու բացումը կարող էր տնտեսապես շահավետ լինել նաև բուն Վրաստանի համար։ Նրա գնահատմամբ՝ երկիրը լրացուցիչ բեռնահոսք կստանար և կկարողանար ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանային տրանսպորտային համակարգում։

Այնուամենայնիվ, տնտեսական փաստարկներն առայժմ թույլ չեն տալիս հաղթահարել առկա քաղաքական հակասությունները։ Վրաստանը հարցը դիտարկում է իր տարածքային ամբողջականության համատեքստում, մինչդեռ Աբխազիան պնդում է իր անկախությունը։ Արդյունքում, Բաբուխանյանի խոսքով, կողմերը չեն կարողանում համաձայնության գալ, որը թույլ կտար վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը։

Նա առանձին անդրադարձել է «Հյուսիս-Հարավ» երթուղին TRIPP-ին համակցելու հնարավորությանը, ինչն առաջարկվում է «Պուտինի ուղի» նախաձեռնության շրջանակներում։

Բաբուխանյանի գնահատմամբ՝ ներկա փուլում նման սցենարը քիչ հավանական է, քանի որ Մոսկվայում TRIPP-ն ընկալվում է որպես ռուսական տրանսպորտային երթուղուն այլընտրանք ստեղծող նախագիծ։

«TRIPP-ն այսօրվա դրությամբ Ռուսաստանի համար առճակատման նախագիծ է»,- հայտարարել է նա։

Բաբուխանյանի խոսքով՝ դա կապված է նախևառաջ Ռուսաստանը շրջանցող նոր երթուղով բեռնափոխադրումներ իրականացնելու հնարավորության հետ։ Նա նաև զուգահեռ է տարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված պայմանավորվածությունների հետ, որոնց շրջանակներում նախատեսվում էր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում՝ Ռուսաստանի մասնակցությամբ և վերահսկողությամբ։

Ներկայիս դասավորվածությամբ, ըստ Բաբուխանյանի, ամերիկյան ներկայությունը փաստացի փոխարինում է համապատասխան երթուղու նկատմամբ ռուսական վերահսկողությանը, ինչը, նրա կարծիքով, անխուսափելիորեն հարուցում է Մոսկվայի դիմադրությունը։

Բացի այդ, «Իրավունքի» ղեկավարը մատնանշել է մի շարք այլ գործոններ, որոնք, նրա գնահատմամբ, TRIPP-ն զգայուն են դարձնում ռուսական շահերի տեսանկյունից։ Խոսքը, մասնավորապես, երրորդ երկրների զինված կազմավորումների հնարավոր ներկայության, բեռների և զենքի տեղափոխման անվտանգության հարցերի, ինչպես նաև Հայաստանի և Իրանի միջև ցամաքային հաղորդակցության բնույթի փոփոխության մասին է։

Այս ռիսկերը Բաբուխանյանը կապում է նաև Իրանի շուրջ ավելի լայնամասշտաբ դիմակայության հետ։ Նրա կարծիքով՝ Հայաստանի հարավում ամերիկյան ներկայության ուժեղացումը կարող է հետևանքներ ունենալ ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև ողջ տարածաշրջանային անվտանգության համակարգի համար։

Ի տարբերություն TRIPP-ի, որը Բաբուխանյանն արդեն միանգամայն շոշափելի նախագիծ է համարում, Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության վերականգնումը նա գնահատում է որպես զգալիորեն պակաս իրատեսական սցենար։

Այս նախագծի իրագործման համար, ըստ նրա, անհրաժեշտ են ավելի մասշտաբային միջազգային պայմանավորվածություններ հիմնական ուժային կենտրոնների միջև։ Բաբուխանյանը չի բացառում, որ իրավիճակը կարող է փոխվել միջազգային համաձայնագրերի նոր համակարգի ձևավորման դեպքում, որի շրջանակներում Ռուսաստանը կվերականգնի իր դիրքերի մի մասը Հարավային Կովկասում։

Այդ դեպքում, կարծում է նա, հնարավորություն կստեղծվի կրկին քննարկել տարբեր տրանսպորտային երթուղիների համակցումը։ Իսկ առայժմ, նրա գնահատմամբ, «Հյուսիս-Հարավը» և TRIPP-ը զարգանում են աշխարհաքաղաքական մրցակցության պայմաններում։

Տարածաշրջանի տրանսպորտային զարգացման հեռանկարները Բաբուխանյանը կապում է նաև Ռուսաստանի և Արևմուտքի միջև դիմակայության հետագա ընթացքի հետ։

Նրա կարծիքով՝ որքան երկարում է Ուկրաինայի շուրջ հակամարտությունը, այնքան ավելի շատ է Ռուսաստանը ստիպված լինում զիջումների գնալ Թուրքիային, և այնքան ավելի են թուլանում նրա դիրքերը Հարավային Կովկասում։ Իսկ եթե միջազգային համակարգը փոխվի, և համաշխարհային ուժային կենտրոնների միջև ձեռք բերվի նոր խոշոր համաձայնություն, Մոսկվան, նրա գնահատմամբ, կկարողանա վերականգնել տարածաշրջանում իր ազդեցության մի մասը։

Այդ դեպքում, ըստ Բաբուխանյանի, կարող է հարմար դաշտ ստեղծվել տարբեր տրանսպորտային նախագծերի համաձայնեցման և դրանց համակցման տարբերակներ գտնելու համար։

Նշենք, որ «Հարավային Կովկասի տրանսպորտալոգիստիկ կապերի զարգացման հեռանկարները» միջազգային փորձագիտական համաժողովը Ռուսաստանի Դաշնության Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի և Արևելագիտության ինստիտուտի հայ-ռուսական հարաբերությունների հետազոտման կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է։