Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտին Հայաստանի միանալը պայմանավորված է նաև Եվրամիության հետ մերձենալու Երևանի որդեգրած քաղաքականությամբ։ Այս մասին հայտարարել են Ռուսաստանի Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունում։

ՌԴ ԱԽ-ում նշել են, որ փաստաթղթի վավերացման ժամանակ Հայաստանի իշխանությունները քայլը հիմնավորում էին սահմանային էսկալացիաների ընթացքում գործված հանցագործությունների միջազգային քննություն նախաձեռնելու անհրաժեշտությամբ։ Մինչդեռ, ըստ կառույցի տվյալների, Երևանը մինչ օրս նման քննություն սկսելու հայտ չի ներկայացրել։ Անվտանգության խորհրդից նաև հավելել են, որ ՄՔԴ իրավազորության ճանաչումը ԵՄ անդամակցության ձգտող երկրների համար «առանցքային քաղաքական պայմաններից մեկն է»։

ՌԴ ԱԽ-ում վերահաստատել են կառույցի նկատմամբ Մոսկվայի վերաբերմունքը՝ դրա գործունեությունը որակելով քաղաքականացված։ Անդրադառնալով ՄՔԴ-ի դեմ Վաշինգտոնի հնարավոր նոր պատժամիջոցներին՝ ռուսական կողմն ուշադրություն է հրավիրել դատարանի վրա ԱՄՆ ճնշումների ավելացմանն ու այլ երկրներին Հռոմի ստատուտից հրաժարվելու վաշինգտոնյան կոչերին։ Այն հարցին, թե արդյոք այս քաղաքականությունը կարող է ազդել Երևանի դիրքորոշման վրա, ՌԴ ԱԽ-ում առաջարկել են հարցնել Հայաստանի իշխանություններին։

Հայաստանի խորհրդարանը ՄՔԴ Հռոմի ստատուտը վավերացրել էր 2023 թվականի հոկտեմբերի 3-ին․ նախագծին կողմ էր քվեարկել 60, դեմ՝ 20 պատգամավոր։ Երևանն այս քայլը պատճառաբանում էր Ադրբեջանի հետ սահմանային լարվածության ֆոնին սեփական անվտանգության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությամբ։