NEWS.am-ի տեղեկություններով, Երևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկի ընկնելու պատճառով երեք մահացածներից մեկը հայ է, երկոսն՝ Իրանի քաղաքացի։
Նրանց մարմինները տարածքից դեռևս չեն հեռացրել։

Դեպքի վայրում են շտապօգնության բրիգադը, Քննչական կոմիտեի աշխատակիցները, փրկարարները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ աշտարակային կռունկն է ընկել ապամոտաժման ընթացքում։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14։10-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 120 հասցեի մոտակայքում, շինարարական աշխատանքներ իրականացնելիս, վերամբարձ կռունկը մասամբ վնասվել և ընկել է։

ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Նախնական տվյալներով՝ կա 3 զոհ։






























