«Պոլո» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի Հարավային Ստորին Կալիֆոռնիա նահանգին՝ հարուցելով քամու վտանգավոր պոռթկումներ և հանկարծակի ջրհեղեղների սպառնալիք։ Ըստ Associated Press գործակալության՝ ԱՄՆ Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնին հղումով, երկրորդ կարգի փոթորիկը ցամաք է դուրս եկել Լաս-Բառանկասից հարավ գտնվող շրջանում՝ առավելագույն կայուն քամու՝ մոտ 175 կմ/ ժարագությամբ։

Ցամաք դուրս գալուց հետո «Պոլո»-ն թուլացել է. տեղական ժամանակով առավոտյան ժամը հինգին կայուն քամու արագությունը կազմել է մոտ 120 կմ/ժ։ Փոթորիկը շարժվում էր հյուսիս-արևելք և պետք է հատեր Կալիֆոռնիայի ծոցը, որից հետո դուրս գար Մեքսիկայի մայրցամաքային հատված։
Հարավային Ստորին Կալիֆոռնիայի որոշ շրջաններում սպասվում էր 15-30 սանտիմետր տեղումներ։ Ուժեղ անձրևների և տարածաշրջանի ռելիեֆի համադրությունը ստեղծում էր հանկարծակի ջրհեղեղների և վատ եղանակի այլ վտանգավոր հետևանքների սպառնալիք։

Մեքսիկայի նահանգների իշխանություններն առավել տուժած շրջաններում նախապես պատրաստել էին ապաստարաններ, փակել նավահանգիստները և դադարեցրել տրանսպորտային հաղորդակցությունը։ Սոնորա նահանգում ևս դադարեցվել էին դպրոցական դասերը, մարզական միջոցառումները և այլ գործունեություն, որը չի վերաբերում կենսական նշանակության ծառայություններին։
Մեքսիկայի ռազմածովային ուժերը պատրաստականության են բերել փրկարարական ստորաբաժանումները և ուղարկել երեք նավ. դրանք օգնություն կհասցնեն առափնյա շրջաններ, որոնք վատ եղանակի պատճառով կարող են կտրված մնալ։

«Պոլո»-ի հետևանքները կարող են ազդել նաև ԱՄՆ-ի հարավ-արևմուտքի վրա։ Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ շաբաթվա ավելի ուշ ուժեղ անձրևներ կարող են տեղալ Արիզոնայում, Յուտայում, Նյու Մեքսիկոյում և Թեքսասում, որտեղ չոր ռելիեֆի պատճառով նույնպես առկա է հանկարծակի ջրհեղեղների բարձր ռիսկ։





























