Սլովակիայի հյուսիս-արևմուտյան Ստաշկով քաղաքի տարրական դպրոցում 13-ամյա աշակերտը դանակով հարձակվել է մարդկանց վրա։ Արդյունքում մահացել է 61-ամյա ուսուցչուհին, երկու մարդ էլ ստացել է ծանր վիրավորումներ, հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Կասկածվող դեռահասին ոստիկանությունը ձերբակալել է։ Իրավապահները հայտարարել են, որ իրավիճակը վերահսկողության տակ է, և շրջապատողների համար այլևս վտանգ չկա։ Հարձակման դրդապատճառը դեռևս անհայտ է։
Տուժածների թվում են մի աշակերտ, որը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և 41-ամյա ուսուցչուհի, որը հոսպիտալացվել է ծանր վնասվածքներով, հայտնել են Սլովակիայի փրկարար ծառայությունից։

Երկրի նախագահ Պետեր Պելեգրինին ցավակցություն է հայտնել զոհվածի և տուժածների ընտանիքներին։ Նա կատարվածը անվանել է ողբերգական միջադեպ և հայտարարել, որ անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել հասարակության մթնոլորտին՝ կոչ անելով հանգստություն և փոխադարձ հարգալից վերաբերմունք պահպանել։
Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարար Մատուշ Շուտայ Էշտոկը, կրթության նախարար Տոմաշ Դրուկերը և առողջապահության նախարար Կամիլ Սաշկոն։
Սա Սլովակիայի դպրոցում աշակերտի կողմից մարդկանց վրա հարձակման առաջին դեպքը չէ։ 2025 թվականին երկրի հյուսիսում գտնվող դպրոցներից մեկի 18-ամյա աշակերտը մահացու վիրավորել էր տնօրենի տեղակալին և 18-ամյա մի աշակերտի։ 2020 թվականին նախկին աշակերտը հարձակվել էր Վրուտկի քաղաքի դպրոցներից մեկի վրա՝ սպանելով տնօրենի տեղակալին և վիրավորելով ևս հինգ մարդու։




























