Էյֆելյան աշտարակը կառավարող ընկերության ղեկավար Պատրիկ Բրանկո Ռուվոն տարեվերջին կլքի իր պաշտոնը՝ հինդուական պատվիրակության սպասարկումից կին աշխատակիցներին հեռացնելու հետ կապված սկանդալից հետո, հաղորդում է Associated Press-ը։
Անկախ հետաքննությունը բացահայտել է մի շարք կազմակերպչական խախտումներ սեպտեմբերի 5-ին կրոնական խմբի այցի ընթացքում։ Արդյունքում Էյֆելյան աշտարակի կին աշխատակիցներին արգելվել է մասնակցել պատվիրակության սպասարկմանը, ինչն ընկերությունն անվանել է «անընդունելի իրավիճակ»։
Խոսքը Bochasanwasi Shri Akshar Purushottam Swaminarayan Sanstha (BAPS)-ի ներկայացուցիչների մասին է՝ միջազգային կրոնական և հասարակական կազմակերպության, որը կապված է հինդուական Սվամինարայան հոսանքի հետ։ Պատվիրակությունը Փարիզում էր՝ ավանդական հինդուական քարե տաճարի բացման կապակցությամբ։
Այն դեպքից հետո, երբ ղեկավարությունը հրահանգել էր աշխատակիցներին թույլ չտալ, որ կանայք շփվեն պատվիրակության հետ, աշտարակի աշխատողների շրջանում վրդովմունք էր առաջացել։ Սեպտեմբերի 7-ին Էյֆելյան աշտարակը փակվել էր աշխատակիցների գործադուլի պատճառով։ Արհմիության ներկայացուցիչը ղեկավարության գործողություններն անընդունելի էր անվանել։
SETE ընկերության նախագահ Արիել Վեյլը հայտարարել է, որ հանձնարարել է մշակել և ներդնել միջոցառումներ ու ուսումնական ծրագրեր՝ ուղղված գենդերային հավասարության ապահովմանը։
Պատրիկ Բրանկո Ռուվոն SETE-ն ղեկավարում է 2018 թվականի վերջից։ 137 տարի առաջ կառուցված Էյֆելյան աշտարակը տարեկան մոտ 7 միլիոն այցելու է ընդունում։
Սա առաջին դեպքը չէ, երբ տեսարժան վայրի աշխատանքը դադարեցվել է գործադուլի պատճառով։ 2024 թվականի փետրվարին աշտարակը փակվել էր վեց օրով․ աշխատակիցները պահանջում էին բարելավել դրա պահպանությունը և բարձրացնել աշխատավարձերը։



























