Թեհրանում «Մարյամ-է Մողադդաս» («Օրհնյալ Կույս Մարիամ») մետրոյի կայարանում անցկացվել է 1980–1988 թվականների Իրանա-իրաքյան պատերազմի ընթացքում զոհված հայ զինծառայողների դիմանկարների ցուցահանդես, հայտնում է «Առաջին մերձավորարևելյան» թելեգրամյան ալիքը։

Ցուցահանդեսը նվիրված է Իրանի հայկական համայնքի այն ներկայացուցիչների հիշատակին, որոնք մասնակցել են պատերազմին և զոհվել ճակատում։

Իրանում կա ավանդույթ՝ ամեն տարի այցելելու Իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ զոհված քրիստոնյա զինծառայողների ընտանիքներին։ Սուրբ Ծննդյան նախօրեին նման այցելություններ են կատարում պետության բարձրաստիճան ներկայացուցիչները՝ ընդհուպ երկրի գերագույն առաջնորդը։

«Մարյամ-է Մողադդաս» մետրոյի կայարանն անվանվել է Իրանի հայկական համայնքի պատվին և դարձել է Թեհրանում նրա պատմական ներկայության խորհրդանիշներից մեկը։