«Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ընկերությունը «Դեֆանս Հաուզինգ» թաղամասի կառուցապատողն է, որի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ են բուն շինարարական աշխատանքներն իրականացնող տասնյակ կազմակերպություններ։ Այս մասին ասված է ընկերության մամուլի ծառայության հաղորդագրությունում՝ սեպտեմբերի 29-ին թաղամասում տեղի ունեցած դժբախտ դեպքի վերաբերյալ։
Ընկերության փոխանցմամբ՝ այդ կազմակերպություններից յուրաքանչյուրը պայմանագրային հիմունքներով իրեն հատկացված տեղամասում սեփական աշխատակիցներով իրականացնում է մասնագիտացված աշխատանքներ։ Նրանց են վերապահված շինարարական աշխատանքների կազմակերպումը, կատարումը և աշխատանքի անվտանգության նորմերի պահպանումը։
Անդրադառնալով երեք անձի մահվան ելքով դժբախտ պատահարին՝ «Դեֆանս Հաուզինգը» հայտնում է, որ այն տեղի է ունեցել ոչ թե շինարարական աշխատանքների ընթացքում, այլ համապատասխան աշխատանքներն ավարտած շինարարական ընկերություններից մեկի կողմից իրեն պատկանող աշտարակային կռունկի ապամոնտաժման ժամանակ։
Ընկերությունը ընդգծում է՝ զոհված երեք անձինք «Դեֆանս Հաուզինգ Ինվեստի» աշխատակիցներ չեն եղել։
«Ընկերությունն իր խորին ցավակցությունն է հայտնում մահացած անձանց ընտանիքներին և հարազատներին»,- ասված է հաղորդագրությունում։
«Դեֆանս Հաուզինգը» հայտնում է, որ շահագրգռված է դժբախտ դեպքի օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ և համագործակցում է պատկան մարմինների հետ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14։10-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 120 հասցեի մոտակայքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս վերամբարձ կռունկը մասամբ վնասվել և ընկել է։ ՆԳՆ փրկարար ծառայությունը NEWS.am-ին հայտնել էր, որ նախնական տվյալներով՝ կա երեք զոհ։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներն ու հատուկ նշանակության փրկարարական խումբը։



























