Հնագետները Մարոկկոյում մոտ 4 հազար տարվա հնության պաշտպանական պատեր են հայտնաբերել՝ Նեղոսի հովտից դուրս Հյուսիսային Աֆրիկայում նման տեսակի հինավուրց կառույցները, հայտնում է Live Science-ը։
Գտածոն վկայում է, որ հին Մաղրիբի հասարակությունները շատ ավելի կազմակերպված էին և ունակ լայնածավալ շինարարության, քան նախկինում էր ենթադրվում։
Պաշտպանական համակարգը հայտնաբերվել է Ուեդ-Բեխտ հնագիտական հուշարձանում՝ Ռաբաթից մոտ 80 կիլոմետր դեպի արևելք։ Մարոկկոյից, Իտալիայից և Մեծ Բրիտանիայից հետազոտողները այստեղ հայտնաբերել են պատեր, խրամատներ և հողաշեն ամրություններ։ Նրանց գնահատմամբ՝ բնակավայրի հարավային կողմում գտնվող ամենահզոր պատի հիմքը կառուցվել է 3500-4000 տարի առաջ՝ կավից, մոխրից, տիղմից և քարերից։
Նման ամրությունների գոյության փաստն ինքնին վկայում է, որ բնակավայրը զգալի արժեք ուներ բնակիչների համար։ Հնագետները ենթադրում են, որ Ուեդ-Բեխտը եղել է երկրագործության վաղ կենտրոններից մեկը, որտեղ աճեցրել են գյուղատնտեսական մշակաբույսեր, զբաղվել անասնաբուծությամբ և պահել հացահատիկի մեծ պաշարներ։
Դրա մասին են վկայում բնակավայրի տարածքում հայտնաբերված զանգակաձև տասնյակ փոսերը, որոնք, հավանաբար, օգտագործվել են հացահատիկ պահելու համար։ Դրանց ընդհանուր տարողությունը զգալիորեն գերազանցում էր բնակիչների փոքր խմբի կարիքները։ Դա ստիպում է ենթադրել, որ բնակավայրը կարող էր սպասարկել ավելի մեծ շրջակա տարածք և կատարել կենտրոնի դեր, ուր հարևան շրջաններից բնական պաշարներ էին հոսում։
Ամրությունների կառուցման պատճառներն առայժմ անհայտ են։ Հնագետները չեն կարող ասել՝ արդյոք բնակիչները պաշտպանվո՞ւմ էին արտաքին զավթիչներից։
Հետազոտողների կարծիքով՝ պաշտպանական համակարգը կարող էր կապված լինել հողի և ռեսուրսների համար աճող մրցակցության, տեղաշարժի ուղիների վերահսկողության կամ ավելի ձևավորված իշխանության ի հայտ գալու հետ։
«Նման աշխատանքը ինքն իրեն չի առաջանում»,- նշում է Իտալիայի Ազգային հետազոտական խորհրդի հնագետ Ջուլիո Լուկարինին՝ հետազոտության հեղինակներից մեկը։ Նրա աելով՝ շինարարությունը պահանջում էր պլանավորում, հարմար վայրի ընտրություն և երկար ժամանակի ընթացքում մեծ թվով մարդկանց կազմակերպում։
Գտածոն փոխում է պատկերացումները Մաղրիբի՝ Հյուսիսարևմտյան Աֆրիկայի պատմական տարածաշրջանի հին պատմության մասին, որը ներառում է ժամանակակից Մարոկկոն, Ալժիրը, Թունիսը, Լիբիան և Մավրիտանիան։ Երկար ժամանակ այս տարածքը Եվրոպայի և Նեղոսի հովտի համեմատ դեռևս քիչ ուսումնասիրված էր։
Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում այն նմանությունը, որը կա այն ժամանակ Հյուսիսային Աֆրիկայում և Ջիբրալթարի նեղուցի հակառակ ափին տեղի ունեցող գործընթացների միջև։
Նախապատմական Իբերիայում գոյություն ունեին բլուրների վրա տեղակայված խոշոր ամրացված բնակավայրեր, իսկ հնագետները վաղուց են գտնում Հյուսիսային Աֆրիկայի հետ կապերի ապացույցներ՝ մասնավորապես աֆրիկյան փղոսկր և ջայլամի ձվերի կճեպ։
Սակայն Ուեդ-Բեխտը նկատելիորեն տարբերվում էր իրեն ժամանակակից Իբերիայի բնակավայրերից։ Նրա պաշտպանական համակարգը ավելի փոքր էր, իսկ ճարտարապետությունը՝ նվազ մասշտաբային։ Այնուամենայնիվ, գտածոն վկայում է, որ Մաղրիբի բնակիչները մ.թ.ա. արդեն II հազարամյակում կարողանում էին կազմակերպել խոշոր շինարարական աշխատանքներ և համախմբել զգալի աշխատանքային ռեսուրսներ։
«Մենք միայն սկսում ենք հասկանալ, թե ինչպես էին Ջիբրալթարի նեղուցի երկու ափերին զարգացումները փոխկապակցված միմյանց հետ»,- ասում է Լուկարինին։




























