Մերձավոր Արևելքի երկրներից նավթի մատակարարումները գրեթե վերականգնվել են՝ հասնելով ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների սկսվելուց առաջ առաքվող ծավալների 98%-ին։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան JP Morgan բանկի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ նավթի օրական առաքումները հասել են 17,5 միլիոն բարելի։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանից նավթամթերքի մատակարարման ծավալները կազմում են օրական 3 միլիոն բարել, ինչը նախապատերազմյան ցուցանիշի 58%-ն է։ «Մերձավոր Արևելքի երկրները նորից նավթ են մատակարարում։ Սա զարմանալի վերականգնում է մի տարածաշրջանի համար, որտեղ դեռ պատերազմ է ընթանում»,— գործակալությունը մեջբերում է բանկի փորձագետներից մեկի խոսքը։
JP Morgan-ի մասնագետները առանձնահատուկ նշել են, որ Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները գրեթե վերադարձել են օրական շուրջ 13 միլիոն բարելի ցուցանիշին, ինչը համապատասխանում է հունիսի վերջի մակարդակին։
Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան վերսկսել է «Արևելք-Արևմուտք» նավթամուղով իրականացվող արտահանումը, որը նախկինում ենթարկվել էր Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) ապստամբական շարժման հարձակմանը։ Նշվում էր, որ նավթամուղի վերագործարկումը երկրին կվերադարձնի արտահանման այլընտրանքային երթուղու հասանելիությունը՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը։
ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմ են սկսել փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում էր նախատեսում բոլոր ճակատներում (այդ թվում՝ Լիբանանում)։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի ուղղությամբ լայնամասշտաբ հարվածները՝ նրան մեղադրելով Հորմուզի նեղուցին վերաբերող ձեռք բերված համաձայնությունների պայմանները խախտելու մեջ։ Մինչ հակամարտության սկիզբը այս նեղուցով էր տեղափոխվում նավթի համաշխարհային առևտրի մոտ 25%-ը և հեղուկացված բնական գազի շուրջ 20%-ը։





























