Իրանում ի կատար է ածվել Ալի Հեմմաթիի և Մաջիդ Նիք Անդեշի մահապատժի դատավճիռը․ դատական իշխանությունները նրանց մեղադրում էին Մաշհադում հունվարյան բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի չորս աշխատակցի սպանությանը մասնակցելու մեջ։ Սեպտեմբերի 30-ի առավոտյան տեղի ունեցած մահապատժի մասին հայտնել է Իրանի դատական համակարգի հետ կապված Mizan լրատվական գործակալությունը։
Դատական իշխանությունների փոխանցմամբ՝ Հեմմաթին և Նիք Անդեշը մասնակցել են հունվարի 8-ին և 9-ին Մաշհադի Թաբրիսի շրջանում տեղի ունեցած իրադարձություններին։ Քննությունը պնդում է, որ նրանք հարձակվել են խանութների վրա, հրդեհել շենքեր և վնասել հանրային գույքը։ Ինչպես հայտնել է դատական իշխանությունը, երկու տղամարդիկ էլ հարցաքննությունների և դատաքննության ընթացքում խոստովանել են մի շարք հանցագործություններ կատարելու փաստը։
Գործի հրապարակված նյութերի համաձայն՝ Հեմմաթին դատարանում հայտարարել է, որ հունվարի 8-ին Նիք Անդեշի հետ հարձակվել է ցանցային խանութի վրա և այն հրդեհել «Մոլոտովի կոկտեյլով»։ Ավելի ուշ, նրա խոսքով, իրենք մոտեցել են նաև մի խումբ մարդկանց, որոնք այդ պահին ծածի են ենթարկել «Բասիջ» ռազմականացված կազմավորման երկու անդամի։
Հեմմաթին պատմել է, որ երկու անգամ դանակահարել է նրանցից մեկին, որից հետո Նիք Անդեշը նույն դանակով երկու հարված է հասցրել երկրորդին։
Հեմմաթին պատմել է նաև, որ կանգնեցրել է հողով բարձված բեռնատարը, հողը դատարկել փողոցում և այդպիսով փակել երթևեկությունը։
Իրանի դատական իշխանությունը հայտնում է, որ Նիք Անդեշը բողոքի ցույցերի ժամանակ իր մոտ ունեցել է երեք «Մոլոտովի կոկտեյլ»։ Իր ցուցմունքներում նա նշել է նաև, որ մասնակցել է հունվարի 8-ի և 9-ի անկարգություններին, իր մոտ դանակ է ունեցել, նկարահանել է կատարվածն ու տեսանյութերն ուղարկել արտասահման։
Քննության տվյալներով՝ Նիք Անդեշը նաև հրդեհել է բանկի շենք, վնասել հանրային գույքը և ոտքով հարվածել գետնին ընկած մարդուն։
Բացի այդ, նա և Հեմմաթին թալանել են խանութը, ապրանքները տեղավորել ավտոմեքենայի մեջ և տեղափոխել Հեմմաթիի տուն։ Այս ցուցմունքներից հետո, դատական իշխանության փոխանցմամբ, տան խուզարկությամբ հայտնաբերվել են խանութից գողացված ապրանքները։
Դատարանը երկու տղամարդկանց էլ դատապարտել էր մահապատժի։ Դատավճիռները հետագայում վերանայվել և հաստատվել են Գերագույն դատարանի կողմից, որից հետո դրանք ի կատար են ածվել։





























