Կուալա Լումպուրը չորեքշաբթի դարձել է աշխարհի ամենաաղտոտված խոշոր քաղաքը, իսկ Սինգապուրը գլոբալ վարկանիշում զբաղեցրել է երրորդ տեղը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

Պատճառը հարևան Ինդոնեզիայում անտառային հրդեհներից առաջացած ծուխն է, որն արդեն ավելի քան մեկ ամիս խիտ մշուշով պատել է քաղաքները։

Շվեյցարական IQAir ընկերության տվյալներով՝ սեպտեմբերի 30-ի առավոտյան Մալայզիայի մայրաքաղաքում օդի որակի ինդեքսը (AQI) հասել է 166-ի։ Սինգապուրում ցուցանիշը կազմել է 155, ինչի արդյունքում քաղաքը զբաղեցրել է աշխարհի առավել աղտոտված խոշոր քաղաքների թվում երրորդ հորիզոնականը։

AQI ինդեքսը միավորում է տարբեր աղտոտիչների ցուցանիշները և ցույց է տալիս առողջության համար հնարավոր ռիսկը։ 150-ից բարձր արժեքները համարվում են առողջության համար վտանգավոր, իսկ 300-ից բարձր՝ կյանքի համար վտանգավոր։

Ծուխը գալիս է Բոռնեո և Սումատրա կղզիների այն շրջաններից, որոնք ընդգրկված են հրդեհներով։ Անդրսահմանային օդի աղտոտվածությունը պարբերաբար խնդիր է դառնում Հարավարևելյան Ասիայի երկրների համար, սակայն այս տարի իրավիճակը հատկապես ծանր է եղել։

Շոգ և չոր եղանակը, որը կապված է Էլ Նինյո կլիմայական երևույթի հետ, նպաստում է Ինդոնեզիայում հրդեհների տարածմանը։ Հրդեհների մի մասը կապված է նաև հողերի մաքրման հետ, ինչը բարդացնում է կրակի դեմ պայքարը։